ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 21-ամյա բնակչուհուն՝ արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով նույն մարզի բնակչից շորթում կատարելու համար։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ պարզվել է, որ 21-ամյա աղջիկը 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ինտիմ հարաբերություններ է ունեցել Կոտայքի մարզի 1951 թ. ծնված բնակչի հետ։ Նշված հարաբերությունները հավաստող տեսաձայնագրություններն աղջիկը 2014 թվականի հոկտեմբերի վերջերին ներկայացրել է զուգընկերոջը և դրանք չհրապարակելու համար նրանից և վերջինիս որդուց պահանջել ու ստացել է 800.000 ՀՀ դրամ, ինչի դիմաց գրավոր պարտավորվել է ոչնչացնել տեսանկարահանումները։

 

 

Գումար շորթելու երկրորդ դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հունիսի սկզբներին. նույն տեսաձայնագրությունները հրապարակելու սպառնալիքով աղջիկն այս անգամ տղամարդուց պահանջել է առաձնապես խոշոր չափի գումար՝ 20.000 ԱՄՆ դոլար, ինչի մասին տղամարդը գրավոր հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ շորթման առաջին դրվագն աղջիկը կատարել է մոր հետ միասին։

 


Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել շորթման համար երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերի,182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

 


Քննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։