Ադրբեջանի AZAL ազգային ավիաընկերությունը հայտարարել է, որ ավիատոմսերի համար սահմանված բարձր գները պայմանավորված են այն բանով, որ Բաքվում հունիսի 12-28-ին անցկացված Եվրոպական խաղերի հազարավոր մարզիկներին և նրանց մարզիչներին փոխադրել է անվճար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, haqqin.az-ի թղթակցին հայտնել է ավիաընկերության ղեկավարության ներկայացուցիչը' ի պատասխան երևույթի նկատմամբ կայքի քննադատությանը:
«Երկու օրում երեք քննադատական հոդված: Երբ դուք քննադատում եք ավիատոմսերի բարձր գները, պետք է հաշվի առնեք, որ ավիաընկերությունն անվճար փոխադրել է Եվրոպական խաղերին մասնակից հազարավոր մարզիկներին և նրանց մարզիչներին»,- ասել է նա:
Եվրոպական խաղերը որպես սեփական հեղինակությունը բարձրացնելու միջոց օգտագործած Ադրբեջանի իշխանությունը խաղերից առաջ հայտարարել էր, որ իր վրա է վերցնում միջոցառմանը մասնակից երկրների պատվիրակությունների Բաքու այցի հետ կապված բոլոր ծախսերը: Հայաստանի պատվիրակությունը Բաքու մեկնելուց առաջ հայտարարել էր, որ հրաժարվում է իր ծախսերը փոխհատուցելու մասին Ադրբեջանի կառավարության առաջարկից: