«Համատարած բնույթ է կրում անձնագրերի տվյալների կամ անձնագրերի հավաքագրումը, եւ ինչքան էլ իշխանությունները հրապարակային՝ բարձր մակարդակով կամ անձնական զրույցների ժամանակ գրեթե երդվում են, որ այդպիսի բան չկա, բայց տեղական ինքնակառավարման մարմիններում՝ բացառապես բոլոր մարզերում, նկատվում է այդ երեւույթը, որ իսկապես չինովնիկները հավաքագրում են անձնագրեր կամ անձնագրային տվյալներ»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում խոսելով ընթացող նախընտրական զարգացումներից' ասել է Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Վերջինիս գնահատմամբ, անձնագրային տվյալները հավաքվում են տարբեր պատճառներով, բայց նպատակ է հետապնդվում հետագայում կեղծել ընտրությունների արդյունքները: Ընդհանուր առմամբ, գնահատելով նախընտրական քարոզարշավի ընթացքը, Ռուբեն Հակոբյանը նշել է, որ լարվածություն, մեծ առումով, չկա:

«Բոլոր դեպքերում այն լարվածությունը չկա, որ առկա էր նախորդ ընտրություններում, որը ես դիտում էի որպես գանգստերային լարվածություն, բայց առայժմ մենք չենք կարող ասել, որ ընտրությունները կարող են լինել ազատ եւ արդար»,- մեզ հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավորը: Ռուբեն Հակոբյանը նշել է, որ կուսակցության ներկայացուցիչները եղել են գրեթե բոլոր մարզերում, եւ իրենց համար ակնհայտ է դարձել, որ իշխանությունները կիրառում են վարչական ռեսուրսներ:

«Եվ պետք է հայտարարեմ՝ տեր կանգնեք ձեր հայտարարություններին, հարգելի իշխանություններ, որ պատրաստվում եք անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ»,- ասել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Փայլակ Ֆահրադյան