Ռեժիսոր Ռուբեն Փաշինյանն իր «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմը կներկայացնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայկական համայնքներում: Այս մասին Փաշինյանը հուլիսի 15-ին տեղեկացրեց լրագրողներին: Ֆիլմն ընդգրկվել է երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված «Մենք կանք» ծրագրում: «Ֆիլմը ներկայացված է մի շարք փառատոնների, բայց մինչև վերջնական պատասխանը չեմ ստանում, չեմ խոսում դրա մասին: Ֆիլմն արդեն ներկայացվել է Բելգիայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ռուբեն Փաշինյանը:
Կինոնկարը Բելգիա է տարել ֆիլմի դերասան Վիգեն Ստեփանյանը: «Ներկայացրել ենք հայ համայնքին, դիտել են: Հետո Վիգենը զանգահարեց և ասաց, որ շատ լավ կինո ենք նկարահանել»,-նշեց Ռուբեն Փաշինյանը:
Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմը ստեղծվեց հեղինակային միջոցներով: «Կինո նկարահանելը ոչ էժան բան է, փորձում էինք գտնել հովանավորներ, բայց ինձ օգնեցին իմ լավ ընկերները»,-նշեց նա:
Ֆիլմը նկարահանվել է Փաշինյանի «Տղաս, ո՞ւր է Եփրատը» պատմվածքի հիման վրա, որը պատմում է ԱՄՆ-ից Հայաստան այցելած հայ ծեր զբսաշրջիկի մասին, որն ապարդյուն փորձում է իր ուղեկցորդից պարզել, թե որտեղ է Եփրատ գետը: Հարցը վերաճում է զրույցի, թե ինչ է հայրենիքը, որտեղ է Հայաստանը, և ինչ երաշխիքներ ունի հայ ընտանիքի ապագան: Տարիներ անց արդեն տարիքն առած ուղեկցորդի գլխում այն միտքն է փայլատակում, որ Հայաստանն իր կողքին է, և Եփրատն այլևս այնտեղ չէ: