Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչման կապակցությամբ:

 

 

«Ձերդ Գերազանցություն,

 

 

Առանձնակի երախտագիտություն եմ հայտնում ս. թ. հունիսի 18-ին խորհրդարանում Ձեր ելույթի համար, որով վերահաստատեցիք այս հարցի վերաբերյալ Բելգիայի կառավարության դիրքորոշումը։ Այսօր Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևն ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։

 

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում կարևոր է միջազգային հանրության ջանքերի համախմբումը՝ միտված մարդկության դեմ նոր հանցագործությունների, նոր ցեղասպանությունների կանխարգելմանը:

 

 

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը», -ասված է հանրապետության Նախագահի ուղերձում: