Երևանի բնակիչ Էդգար Արշակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնի է դառնում դատական տեղեկատվական համակարգից:

 

 

Էդգար Արշակյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, «Սիլ ինշուրանս» ԱՓԲԸ-ից փոխհատուցում ստանալու համար հիմքեր ստեղծելու նպատակով, Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հաղորդում է տվել:

 

 

Նա հայտնել է, թե իբր իր մորաքրոջ տղան Ա. Ավետիսյանը' 2014 թվականի հուլիսի 6-ին, Դավթաշեն 6-րդ փողոցի 21 հասցեում գտնվող տան բակից առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել է իր ավտոմեքենային և նույն օրը վրաերթի ենթարկվել:

 

 

Վերը նշված քրեական հոդվածով մեղադրյալին սպառնում է առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում:

 

 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը Էդգար Արշակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրությունը չհեռանալու մասին: