Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 4-ին նշում է ծննդյան 54-րդ տարեդարձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Ֆեյսբուք սոցցանցի իր էջում շնորհավորել է ԱՄՆ 44-րդ նախագահին ծննդյան կապակցությամբ:

 

«Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ»,- նշվում է դեսպանատան գրառման մեջ:

 

Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, Բարաք Օբաման տարեդարձն սկսել է տոնել օգոստոսի 1-ից և արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, մանկության երեք ընկերների հետ մեկնելով Էնդրյուս ավիաբազա՝ գոլֆ խաղալու համար:

 

ԱՄՆ նախագահ Բարաք Հուսեյն Օբաման ծնվել է 1961 թվականի օգոստոսի 4-ին Հավայի նահանգի Հոնոլուլու վարչական շրջկենտրոնում: Օբաման առաջին սևամորթ ամերիկացին է, ով առաջադրվել է որպես նախագահի թեկնածու: Լինելով Կոլումբիա համալսարանի և Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ՝ նա աշխատել է որպես համայնքի կազմակերպիչ և քաղաքացիական իրավունքների դատախազ:

 

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ դառնալու նրա առաջին փորձը ձախողվել է 2000թ.: Օբաման հայտարարել է իր նախագահական արշավի մասին 2007թ.-ի փետրվարին և թեկնածու է առաջադրվել Դելավերի սենատոր Ջոզեֆ Բայդենի հետ: Նա ստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը 2009թ.-ի հունվարի 20-ին: Նույն տարվա հոկտեմբերի 9-ին շահել է խաղաղության Նոբելյան մրցանակը: