Ադրբեջանի պետական սահմանային ծառայության Նախիջևանում տեղակայված զորամասերից մեկի զինվոր Թուրալ Նիզամի օղլու Նուրիևը «ծառայողական պարտականությունները կատարելու» ժամանակ զոհվել է:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է 7news.az լրատվական կայքը' նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 31-ին, իսկ զոհվածին հուղարկավորել են երեկ՝ նրա ծննդավայր Ջալիլաբադի շրջանում:

 

 

Նշվում է, որ Թուրալ Նուրիևը զինծառայության է զորակոչվել Ջալիլաբադից 7 ամիս առաջ: Նրա հուղարկավորությանը մասնակցել են Պետական սահմանային ծառայության բարձրաստիճան սպաներ, Ջալիլաբադի շրջանի գործադիր իշխանության ղեկավարներ, շրջանի հասարակության ներկայացուցիչներ:

 

 

Զինծառայողի զոհվելու ստույգ մանրամասներ չի հաղորդվում:

 

 

2015 թվականի հուլիսին սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում մահվան ելքով 6-րդ միջադեպն է, որի մասին հայտնում են ԶԼՄ-ները:

 

 

2015 թվականի սկզբից մինչ այժմ սոցիալական ցանցերի և այլ բաց աղբյուրների, ինչպես նաև ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տվյալներով' տարվա սկզբից մինչ այժմ Ադրբեջանի զինված ուժերում կորուստը կազմել է առնվազն 89 զինծառայող, 39-ից ավելի վիրավոր: