Սերժ Սարգսյանը երեկ արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին, որտեղ առաջին նախագահը բավական մուգ գույներով է նկարագրում այն պատկերը, որ Հայաստանին սպասում է նախագահական ընտրություններում: Սերժ Սարգսյանը միևնույն ժամանակ բավական նուրբ ակնարկներ է անում նաև Ռոբերտ Քոչարյանի հասցեին' հարցնելով, թե ինչն էր խանգարում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցեր նախագահական ընտրություններին: Սերժ Սարգսյանը այս կոնտեքստում հայտարարում է, որ Տեր-Պետրոսյանին չէր բանտարկել կամ տնային կալանք տվել: Ակնհայտ է, որ նա ակնարկում է 2008-ի Մարտի 1-ը, երբ Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, տնային կալանքի էր ենթարկել Տեր-Պետրոսյանին՝ դե ֆակտո:
«Եթե իրենք ոչնչի չեն մասնակցում, չեն մասնակցում տարբեր պատճառներից ելնելով։ Դրա մեղավորը ո՞վ է, մե՞նք ենք։ Փակե՞լ ենք դեմները, տարել ենք բա՞նտ ենք նստեցրել, տնային կալա՞նք ենք տվել, վախեցրե՞լ ենք։ Վախեցո՞ղ են այդ թեկնածուները։ Բա եթե վախենում են, ո՞նց են ուզում հանրապետության նախագահ դառնալ», հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նա այստեղ էլ կարծեք թե ակնարկում է, որ Մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը վախեցավ դուրս գալ տնից և գլխավորել Մյասնիկյանի արձանի մոտ գտնվող հանրությանը:
Այսպիսով, Սերժ Սարգսյանը ահագին կոշտ արձագանքի է արժանացնում Լևոն Տեր-Պետրոսյանին, և սա ըստ էության երևի թե առաջին անգամն է, որովհետև նախկինում դժվար է հիշել, որ Սարգսյանը Տեր-Պետրոսյանի քննադատությանը նման օպերատիվ, ուղղակի և կոշտ արձագանք տված լիներ: Չի բացառվում, որ պատճառը նախընտրական է, այսինքն' Սերժ Սարգսյանը շտապել է արձագանքել, որպեսզի Տեր-Պետրոսյանի հակաքարոզչությունը էֆեկտիվ չլինի:
Սրան զուգահեռ, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը նաև, ըստ էության, մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի «կուսակցական» հայտը, որ նա ներկայացրել էր' հայտարարելով ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու և սոցիալ-լիբերալ գաղափարախոսական դաշտում պայքարելու մասին: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե որևէ գործիչ չունի ազդեցություն քաղաքական պրոցեսների վրա, ուրեմն ժամանակը սպառվել է, և պետք է ցտեսություն ասել:
Այսինքն' Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին, փաստորեն, պատասխանում է մերժումով' հրաժարվելով նրա հետ գաղափարական մրցակցության տարբերակից: Եվ ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը հրաժարվելու այս մեսիջը հղում է նաև արտաքին ուժային կենտրոններին՝ Մոսկվային, Վաշինգտոնին, Բրյուսելին, հասկացնելով, որ ներքաղաքական առաջիկա կոնֆիգուրացիաներում Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա քաղաքական ուժը իր համար նախընտրելի սուբյեկտներ չեն: