Եվրոպայում հյուրանոցային բիզնեսի և հանրային սննդի դպրոցների ասոցիացիան' Eurhodip-ը, 2016 թվականի հոկտեմբերին իր զբոսաշրջային տարեկան կոնֆերանսը կանցկացնի Հայաստանում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը: «Երեսունինը երկրներ են ներկայացված ասոցիացիայի կազմում' Եվրոպայում առավել հայտնի 150 հյուրանոցային ու տուրիզմի դպրոցներով: Ասոցիացիան տեղեկատվության փոխանակման հրաշալի հնարավորություն է, որը թույլ է տալիս ճշգրտորեն գնահատել համաշխարհային տնտեսության, հանրակրթական բարեփոխումների շարժն ու դրան համապատասխան կառուցել զբոսաշրջային կրթության թիրախները»,-ասաց Մինասյանը:

 

 

Eurhodip-ն ամեն տարի ասոցիացիայի անդամների համար մրցույթ է կազմակերպում, որում եզրափակիչ է դուրս գալիս միայն 9 երկիր: Տուրիզմի հայկական ինստիտուտի ուսանողներն ամեն տարի մասնակցում են Եվրոպայի առաջատար հյուրանոցային դպրոցի կողմից կազմակերպված մրցույթներին, որոնք անց են կացվում տարբեր երկներում: «3 տարի շարունակ Հայաստանը ներկայացնող ուսանողներն այդ 9 երկրի մեջ են: 2013 թվականին Սլովենիայում առաջին մրցանակ ենք շահել, մյուսը' 2014 թվականին էր' Վիլնյուսում ստացանք 2-րդ մրցանակ, վերջինը' 2015թվականին Թել Ավիվում էր, սակայն այս անգամ 2-րդ մրցանակը ստացանք որոշ վերապահումներով»,-մանրամասնեց Մինասյանը:

 

 

Ռեկտորի հավաստմամբ' իրենց ուսանողները համապատասխանում են այսօրվա միջազգային ստանդարտներին և նույնիսկ ավելին են, իրենց գիտելիքներով և դրա ապացույցն այն է, որ տուրզմի հայկական ինստիտուտը Եվրոպայի առաջատար հյուրանոցային և զբոսաշրջային ասոցիացիայի' Eurhodip-ի անդամ է, իսկ դպրոցը Եվրամիության ներքո գործող միություն է:

 

 

Eurhodip -ը հիմնադրվել է 1989 թ. Բելգիայի Քոքսիյդ քաղաքում՝ Հյուրանոցային բիզնեսի դպրոցի հիման վրա: Eurhodip -ի կազմում ընդգրկված են եվրոպական շատ երկրների ավելի քան 150 բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ։ Ասոցիացիայի տնօրենների խորհրդի կազմում են 23 անդամ 20 երկրներից: