Վրաստանն ու Իրանը քննարկում են Իրանից Վրաստան, և, ապա, Եվրոպա գազ մատակարարելու նախագիծը: Վրաց-իրանական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուբազ Սանիկիձեն հստակ նշել է, որ այդ հարցը բավականին բարձր մակարդակով քննարկվում է երկու երկների միջև:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ վրացագետ Ալիկ Էրոյանցն այն կարծիքին է, որ այս նախագծի շրջանակներում մեր երկիրը շահավետ դիրքում է հատնվել, քանի որ բանակցող կողմերի համար, որպես տարանցիկ երկիր, լավագույն ընտրությունը Հայաստանն է:
«Դեռևս պարզ չէ, թե որ երկիրը կլինի տարանցիկ՝ Հայաստանը, Թուրքիան, թե Ադրբեջանը: Սակայն այս երկու երկրների դեպքում էլ շահավետ է, որ տվյալ գազամուղն անցնի Հայաստանի տարածքով, քանի որ երկուսն էլ Հայաստանի հետ բավականին բարձր մակարդակի հարաբերություններ ունեն և այդ երկու երկրների համար առավել վստահելի գործընկեր է Հայաստանը, ինչը չի կարելի ասել Թուրքիայի և Ադրբեջանի մասին»,- նկատում է վրացագետը:
Էրոյանցը նկատում է, որ իրանա-ադրբեջանական և թուրք-իրանական հարաբերություններն այնքան էլ լավ մակարդակի վրա չեն, այդ պատճառով էլ Իրանը չի կարող նախագիծը ռիսկի տակ առնել:
Վրաստանի համար ևս շահավետ է Հայաստանի ընտրությունը, քանի որ Թբիլիսին կարող է այլընտրանքային տարբերակ ներդնել և հակակշռել արդեն իսկ գործող՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղին, ինչպես նաև մի քանի տարի հետո գործարկվելիք «Շահդենիզ 2» խոշոր գազափոխադրման նախագծին:
«Ես կարծում եմ, քննարկումներին անմասն չի մնա հայկակական կողմը: Եթե Իրանն ու Վրաստանը իմանան, որ Հայաստանը կողմ է գազամուղի անցկացմանը, նպաստավոր պայմաններ առաջարկվեն, ինչպես նաև անվտանգության երաշխիքներ տալ, ապա նախագիծը կիրագործվի: Պետք է նկատել, որ մենք բարձր մակարդակի հարաբերություն ունենք այդ երկրների հետ և այստեղ այլ խնդիրներ չկան և բնական է, որ ցանկացած նման նախագիծ Հայաստանի համար շահավետ է:
Բանախոսի կարծիքով՝ սա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Գաղտնիք չէ, որ տարանցիկ երկիր լինելով առաջին հերթին տնտեսական շահ կա, քանի որ նման բնական ռեսուրս է անցնելու մեր տարածքով: Բացի տնտեսական շահը՝ կա նաև մեկ այլ բան՝ գազամուղը դառնում է անվտանգության երաշխիք.
«Սա նաև քաղաքական շահերի հավասարակշռման տեսանկյունից մեզ համար շահավետ է, քանի որ ադրբեջանա-թուրքական գործոնը մեր տարածաշրջանում ուժեղ է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ նմանատիպ նախագծերին Հայաստանն անմիջական մասնակցության ունենա»,- ասաց Ալիկ Էրոյանցը: