Մինչ Եվրոպան առերեսվում է գաղթականների մեծ հոսքերի հետ, որ բռնել են գաղթի ճամփան իրենց հայրենիքում գլուխ բարձրացող բռնությունից և հալածանքների պատճառով, օգտակար կլինի հիշել այն ժամանակները, երբ հուսահատ հայերն էին ապաստան փնտրում այստեղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նման կերպ է սկսում Irish Independent-ը միգրանտների խնդիրներին նվիրված իր հոդվածը:
Թերթը նշում է, որ հայկական համայնքը Ֆրանսիայում և հայաշատ քաղաք Մարսելում ձևավորվել է դեռևս Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից առաջ, սակայն համայնքի անդամների գերակշիռ մասը Ֆրանսիա է գաղթել հենց 1915 թվականի ցեղասպանության ժամանակ:
Մարսելում հայերը հիմնել են իրենց մշակութային կենտրոնը, ութ հայկական եկեղեցի, տաճար և դպրոցներ, ուր ֆրանսահայ երեխաները կարող են սովորել իրենց մայրենի լեզուն, ծանոթանալ մշակույթին և պատմությանը: Իսկ ցեղասպանության ժամանակների հիշողությունը պահպանվել է «1915 թվականի ապրիլի 24» անունը կրող փողոցի և հուշարձանի միջոցով: Այդ փողոցում տեղակայված բիզնեսների անունները հուշում են իրենց հայկական ծագման մասին: Ֆրանսիայի երկրորդ քաղաքի այս թաղամասը հայտնի «Փոքրիկ Հայաստան» անունով:
Հաշվվում է, որ Մարսելում բնակվում են 80 հազար հայ:
Թերթը հայկական համայնքների ինտեգրվածությունը եվրոպական երկրներում լավ օրինակ է համարում Եվրոպայում ժամանակակից միգրացիոն խնդիրների հաղթահարման համատեքստում: