Կրթական ոլորտում Հայաստանում լուրջ ձեռքբերումներ կան, որոնցից են ներառական կրթության ներդրումը և մասնավոր ու ավագ դպրոցների հիմնումը: Նման դիտարկում է արել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«Այսօր չափազանց շատ է խոսվում այն մասին, թե ներառական կրթության գաղափարախոսությունը ուր է հասել, կա, թե ոչ: 15 տարի է Հայաստանի Հանրապետությունում աստիճանաբար ներդրվում է ներառական կրթության քաղաքականությունը: Այս համակարգի միջոցով է, որ մենք ունենալու ենք մեր երազած բարի, հանդուրժող, մարդասեր, խտրականությունից զերծ հասարակությունը»,- ասաց Բախշյանը:
Խոսելով մասնավոր դպրոցների մասին' նա նշեց, որ եթե հանրապետությունում կան մասնավոր դպրոցներ, որոնք լուրջ ծրագիր են իրականացնում և ցույց են տալիս, թե կրթության որակը կամ նպատակը ինչպիսին պետք է լինի:
«Դա մրցակցություն է և շատ ողջունելի մրցակցություն: Ուրիշ հարց է, որ մեծամասնությունը դրանցից չի կարող օգտվել ֆինանսական հնարավորություններից ելնելով»,- հավելեց բանախոսը:
Անդրադառնալով ավագ դպրոցներին' նշեց, որ դրանք երեխաների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու միջոց են: