Վերջին 7 ամիսների ընթացքում Սպառողների ազգային ասոցիացիան ստացել է սուպերմարկետների աշխատանքների վերաբերյալ 2252 զանգ-բողոք, որոնց մեծ մասը վերաբերել է գներին: Սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման այս մասին ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Միլետա Հակոբյանը: «Խախտում ների առկայության մեջ համոզվելու համար ինքս գնացի Երևանի մի քանի սուպերմարկետներ, որոնք ունեն հատուկ դրամարկղային մեքենաներ, և հիմնական խախտումը, որ առկա էր բոլոր սուպերմարկետներում, ապրանքների գների հետ էր կապված: Սուպերմարկետի վաճառադարակում ապրանքները դրված են մի գնով, դրամարկղում' մեկ այլ: Օրինակ ' 12 հատ հավկիթի տուփը դրված էր 900 դրամով, դրամարկղում գինը դարձավ 950 դրամ: Այն ապրանքների գինը, որոնք վերցրել էի սուպերմարկետից, դրամարկղում խնդրեցի հաշվել նախ միասին, հետո առանձին-առանձին, ինչի արդյունքում գումարային տարբերությունը կազմեց մոտ 560 դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Հակոբյանը:

 

Բանախոսը նաև նշեց, որ նման խախտումների բացատրություններն ու պատճառաբանությունները տարբեր էին: Մի սուպերմարկետում ասել էին, որ գինը չեն հասցրել փոխել, որոշ սուպերմարկետներում էլ նշել են, որ «հավատարիմ հաճախորդն» ապրանքն այլ գնով է գնում, սովորականը' այլ գնով, մի տեղում էլ ասացին' հնարավոր է մեքենան է փչացել:

 

«Ես խնդրում եմ մեր բոլոր սպառողներին աչալուրջ լինել:Բոլոր սուպերմարկետներում գների հետ կապված խախտումներ անում են, ձեր ապրանքերը ինքներդ հաշվեք որպեսզի կարողանաք պաշտպանեկ ձեր իրավունքները»,- հորդորեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը:


Սեպտեմբերի 10-ից հետո Միլետա Հակոբյանը պատրաստվում է դիմել ֆինանսների փոխնախարարին' գնային խախտումները վերացնելու և համապատասխան պատժամիջոցներ կիրառելու համար: