Քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը հայ- ադրբեջանական սահմանային հերթական լարվածության և նախկին սրացումների միջև տարբերություն է տեսնում միայն Ադրբեջանի կողմից կիրառվող ռազմական զինատեսակների փոփոխության մեջ: «Ադրբեջանի զինված ուժերը վերջին շրջանում սկսել են կիրառել ավելի խոշոր տրամաչափի զինատեսակներ: Ադրբեջանը ոչ այնքան դիմում է լայնածավալ գործողությունների, այլ իրականացնելով ռազմական տեղային գործողություններ' փորձում է ճնշում գործադրել ինչպես հայկական հասարակության և իշխանության, այնպես էլ միջազգային հանրության վրա: Ադրբեջանի թիրախային լսարանը արդեն սովոր է նման գործելաոճին, և նրանք ստիպված են լինում պարբերաբար կրկնել այս սադրիչ գործողությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշեց նա` հավելելով, որ ադրբեջանցիները քայլ առ քայլ փորձում են լարել մթնոլորտը, սակայն շատ լավ հասկանում են, որ լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը իրենց համար շատ լուրջ հետևանքների կարող է հանգեցնել:

 

Վերջին օրերին ադրբեջանական կողմն ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմն ինչպես ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում: Մասնավորապես, Տավուշի մարզում հակառակորդը կրակ է բացում նաև խաղաղ բնակչության ուղղությամբ: Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող' Հայկ Թևոյանը, վիրավորվել Կոթի համայնքի երկու քաղաքացիական անձ` մայր և որդի Նազիկ և Ռազմիկ Թումանյանները: