Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում կիրակնօրյա պատարագով Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը պաշտոնապես ստանձնեց Տավուշի հոգևոր առաջնորդի պաշտոնը: Հայաստանի հյուսիս-արևելյան դարպասի' Տավուշի թեմի նախորդ առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը գավազանը փոխանեցեց նորանշանակ առաջնորդին' Բագրատ Սրբազանին:

 

Եկեղեցին լեփ-լեցուն էր հավատավոր մարդկանցով, ովքեր եկել էին Հայաստանի տարբեր հատվածներից: Հոգևոր առաջնորդի կողմից մատուցվող պատարագը լի էր հաղթական ոգով, որի վկայությունն է նրա քարոզը: «Այստեղ մտնող մարդը պետք է զգա լույսը, պետք է ունենա կյանքի նկատմամբ հույսի ու հաղթանակի զգացումը: Երբեք խեղճ, ընկճված ու թշվառ վիճակում չպետք է լինի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Տավուշի թեմի նորանշանակ առաջնորդը: Նա Սուրբ խորանից ներկաներին ցույց տվեց մանկական մեքենա խաղալիք, որն ադրբեջանական կրակահերթերի պատճառով ևս խոցվել էր թշնամու փամփուշտից: «Այս քանի օրերին մենք գտնվում էինք կրակահերթերի ներքո, Երևանում խուճապ էր, մեր գյուղերում մարդիկ նարդի էին խաղում, հեռուստացույց դիտում, իրենց այգին մշակում ու սահմանն էին պահում: Մենք անընդհատ ասել ենք' այստեղ բացարձակ տագնապի ու խուճապի վիճակ գոյություն չունի, այստեղ քաջարի, արժանապատիվ հայ մարդ է ապրում, որը պաշտպանում է իր սահմանը, մեզ բոլորիս: Բոլորիս կյանքի համար այնտեղ կանգնած է հայ զինվորը: Այդ սահմանի պաշտպաններից մեկը մեքենայի տերն է»,-ասաց Սրբազանը' հավելելով, որ դա է տավուշեցու պատմությունը: «Ամենափոքր երեխան' խոցված անիվով մեքենայով, կանգնած է սահմանի եզրին ու երբ հարցնում ենք' վախենում եք, ասում են' ոչ»,- շեշտեց Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

 

Ժողովրդին ուղղված խոսքում Սրբազանը նշեց, որ իրենք հոգևորականներով սակավ են, սակավ են նաև նյութական միջոցները, բայց իրենց համառությունն ու կամքը, հավատքն' առ Աստված, առաջնորդելու է հաղթանակների: «Բայց դա լինելու է միասին: Ոչ մի բանի չենք կարող հասնել, եթե չկանք որպես ընտանիք, որպես հավաքականություն»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը:

 

Տավուշի թեմի առաջնորդը կոչ արեց սիրով լցված լինել միմյանց հանդեպ: «Շռայլություն է մեզ համար ապրել ու չսիրել միմյանց: Գաղափարների տարբերություն կունենանք բոլորս ամենուր և պետք է ունենանք, բայց գաղափարների տարբերության միջոցով ատելություն չպետք է սերմանվի: Դա մեզ համար չափից շատ է»,- եզրափակեց Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Այնուհետև Սրբազանը Հաղորդության արժանացրեց հավատացյալներին:

 

Պատարագի ավարտին եկեղեցու բակում թևածեց հայկական երգն ու պարը: