Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի, ինչպես նաև սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները սեպտեմբերի 8-ին նիստ են գումարել՝ քննարկելով մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առողջապահության, մայրության և մանկության հարցերմշտական հանձնաժողովը Արա առաջին ընթերցմամբ քննարկել է «Դեղերի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Նա ներկայացրել է փաթեթի հիմնական դրույթները, հասկացությունները, ինչպես նաև կառավարության լիազոր մարմնի իրավասությունները դեղերի շրջանառության բնագավառում:
Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ օրենքով սահմանվում են դեղային պետական քաղաքականության հիմնական սկզբունքները՝ որպես նպատակ որդեգրելով դեղերի ֆիզիկական եւ ֆինանսական մատչելիության ոլորտում արդարության ապահովությունը: Նաև առաջին անգամ սահմանվում է դեղերի գների պետական կարգավորում իրականացնելու հնարավորությունը:
Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրել է, որ օրենսդրորեն կարգավորվում են դեղերի շրջանառության բոլոր փուլերը, դեղի ստեղծումից մինչև գովազդի իրացման փուլերը՝ պահպանելով այդ գործընթացում ներգրավված սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները:
Սահմանվում են նաև դեղերի գրանցման համար նախակլինիկական և կլինիկական փորձարկումներին ներկայացվող պահանջները, արգելքները և կլինիկական փորձարկումների թույլտվության տրամադրման, մերժման, դադարեցման ընթացակարգերը, սահմանվում են դեղերի պետական գրանցման հիմնական սկզբունքները, մեխանիզմները, պետական գրանցմանը ներկայացվող նորացված պահանջները:
Առողջապահության փոխնախարարի տեղեկացմամբ՝ օրենքով սահմանվում են դեղերի ներմուծմանը և արտահանմանը, ներմուծման և արտահանման հավաստագրեր տրամադրելուն ներկայացվող պահանջները, ներմուծելու ընդհանուր կանոնները, կարգավորվում են դեղատնային գոծունեությանը ներկայացված պահանջները, սահմանվում դեղերի գրանցումները՝ դեղերի ոլորտում գործող միջազգային կառույցների, այլ պետություններում փոխադարձ ճանաչելու հնարավորությունը:
Օրենքների նախագծերի փաթեթն ստացել է դրական եզրակացություն: Այն կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:
Սերգեյ Խաչատրյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Փոխնախարարի խոսքով, օրենսդրորեն արգելվում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները:
Փոխնախարարը ներկայացրել է նաեւ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նրա խոսքով, նախագծի ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող իրավական ակտերը միջազգային ընդունված սկզբունքներին համապատասխանեցնելու, ինչպես նաև մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված եւ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ անձանց հանդեպ խտրականությունը բացառող, նրանց իրավունքները պաշտպանող օրենսդրություն ունենալու անհրաժեշտությամբ:
Նախագծով սահմանվում են նաեւ մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան բուժման նպատակով մուտք գործելու կարգ սահմանելու դրույթները:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ստացել են 35 առաջարկ, որոնց մեծ մասն ընդունվել է:
Օրենքի նախագծերն ստացել են դրական եզրակացություն: Դրանք կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Հանձնաժողովը հաստատել է նաեւ 2015թ. սեպտեմբեր-դեկտեմբերի ընթացքում ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:
Նույն օրը տեղի է ունեցել ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Քննարկվել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Փոփոխությամբ լրացուցիչ արտոնություններ են սահմանվում զինծառայողների կոնկրետ խմբի համար, ինչը, ըստ հեղինակների, խթանիչ ուժ կհանդիսանա մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար: Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն. այն կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ առաջիկա նիստերի օրակարգերի նախագծերում:
«Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչև մեկ տարի ժամկետով: