Իսպանացի դերասան և ռեժիսոր Անտոնիո Բանդերասը, որը կարել է սովորելու Central Saint Martins բրիտանական քոլեջում, խոստովանել է, որ ցանկանում է վերստին մոդայիկ դարձնել տղամարդու թիկնոցը, որպիսին Զորոյինն է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Vogue-ին:
Արտիստն անդամագրվել է հագուստ կարելու մեկամսյա դասընթացին և ապագայում մտադիր է դառնալ դիզայներ: Բանդերասի խոսքով՝ կա մի իր, որն արդեն դուրս է եկել նորաձևությունից, բայց իրեն շատ է դուր գալիս՝ Զորոյի թիկնոցը: Դերասանն ասել է, թե կցանկանար փորձեր անել տեքստուրաներով և գույներով: «Ձմռանը դուք կարող եք փաթաթվել թիկնոցով: Դա այնքան դյուրին է»,- հավելել է Բանդերասը, որը գլխավոր դերն է խաղացել «Զորոյի դիմակը» ֆիլմում (1998 թվական):
Դերասանը նշել է, թե ցանկանում է հագուստ կարել տղամարդկանց համար: Նա ընդգծել է, որ նույնիսկ ուսանող լինելու ընթացքում կշարունակի նկարահանվել ֆիլմերում, բայց, կինոյից զատ, ինքը բազմաթիվ այլ հետաքրքրություններ ունի:
Central Saint Martins քոլեջը Լոնդոնի արվեստների համալսարանի բաղկացուցիչ մասն է: Բակալավրիատից և մագիստրատուրայից բացի, ուսումնական հաստատությունում նախատեսված են կրթության նախադիպլոմային և հետդիպլոմային ձևեր, ինչպես նաև կարճ ծրագրեր և ամառային դասընթացներ:
Սովորողները կարող են ընտրել այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են դերասանական վարպետությունը, դիզայնը, նորաձևությունը, գրաֆիկան և գեղանկարչությունը: Քոլեջը առաջատարներից մեկն է համարվում ֆեշն-կրթության ոլորում: Նրա դիզայնի ֆակուլտետում տարբեր ժամանակներում սովորել են մոդելագործներ Ջոն Գալիանոն, Ստելլա Մաքարթնին, Ալեքսանդր Մաքքուինը, Զաք Պոզենը և Ռիկարդո Տիշին: