ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանին հանձնարարեց բանակցություններ վարել ՌԴ գործընկերների հետ՝ ՌԴ քաղաքացիների մուտքը ՀՀ առանց արտասահմանյան անձնագրերի առկայության թույլատրելու համար:

 

Կառավարության նիստում վարչապետը նշեց, որ լուրեր կան, ըստ որոնց ՌԴ քաղաքացիների միայն 10 տոկոսն ունի արտեկիր այցելելու համար նախատեսված անձնագիր: «Ցանկանում եմ, որպեսզի աշխատենք իրենց հետ որպես ԵԱՏՄ անդամ, գանք ընդհանուր հայտարարի և լուծում գտնենք, որ ՌԴ քաղաքացիներն իրենց տեղական անձնագրով կարողանան այցելել ՀՀ՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Եթե մենք այդ հարցը լուծենք, ապա ՌԴ շատ քաղաքացիներ առանց խոչընդոտի կգան ՀՀ, ինչը կբերի տնտեսության ակտիվության և այլն, և այլն: Հանձնարարում եմ, որ այս հարցով լուրջ զբաղվեք և բանակցեք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը:

 

Իր հերթին, Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ հարցը նախատեսված է նաև Մաքսային միության ճանապարհային քարտեզով և դրա շուրջ նախատեսված են քննարկումներ: Եգանյանը վստահեցրեց, որ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ քննարկումներն արագորեն կսկսվեն: