Երեկ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 22 համայնքում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները:
Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները գրեթե չմասնակցեցին այս ընտրություններին և չունեցան իրենց թեկնածուներին:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ այս ընտրություններն իրենց կուսակցությունում չեն քաղաքականացնում.
«Այդ ընտրություններում ինչ-որ գաղափարական պայքար կամ գլոբալ հարց դրված չէր: Երեկ եղել եմ Մարալիկում, 11 տարի այդ նույն քաղաքապետը գործում է, բայց վիճակը շատ անհրապույր էր, քաղաքն ավերված էր, փողոց չկա, մայթ չկա, ենթակառուցվածքները չեն գործում»,- ասում է պատգամավորը և տեսակետ հայտնում, որ, ըստ երևույթին, տեղի ժողովուրդը հույս չեն կապում համայնքապետերի գործունեության հետ:
«Դեռևս մեր վերակազմավորման փուլում ենք գտնվում, մեր կառույցները վերագրանցման, վերաիմաստավորման փուլում են, այնպես որ՝ մեզ համար նորմալ աշխատանքային գործընթացներ են»,- այսպես է մեկնաբանում ԲՀԿ-ական պատգամավորն իրենց կուսակցության պասիվությունը:
Իջևանի քաղաքապետի աթոռը զբաղեցնելու համար երեկ պայքարում էին Իջևանի ներկայիս գործող հանրապետական թեկնածու Վարդան Ղալումյանը և ինքնաառաջադրված, ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանը: Վարդան Ղալումյանն իշխող քաղաքական ուժի աջակցությունը ստանալու համար ընտրություններից ամիսներ առաջ լքել էր «Բարգավաճ Հայաստանը» և հանրապետական էր դարձել:
Միքայել Մելքումյանին հարցրինք՝ արդյոք պարտադի՞ր էր վերընտրվելու համար ԲՀԿ-ից դուրս գալը, պատգամավորը խուսափեց մեկնաբանելուց. «Այդ հարցերն իրենց պետք է տաք, ես չեմ կարող մեկնաբանել, իրենք են իրենց ուղին որոշում, իրենք իրենց խնդիրներն ունեն: Ամեն մարդ ինքն է որոշում իր հետագիծը, թե ինքն ինչ կենսագրություն է կերտում, ուր է գնում, ոնց է գնում»,- ասաց Մելքումյանը: