
Բաքվում սկսվել է ազգադավ Վահան Մարտիրոսյանի ասուլիսը, որին նա ներկայացել է կնոջ և որդու հետ:
«Ադրբեջանում ինձ համար ստեղծել են ամենալավ պայմանները: Ինձ տրամադրել են ամենալավ հյուրանոցը»,- ասուլիսի մեկնարկին ասել է Վահան Մարտիրոսյանը:
Վերջինս նշել է, թե Հայաստանում ոչ ոք չի ցանկանում պատերազմել Ադրբեջանի հետ. «Հայկական բանակն աղետալի վիճակում է գտնվում և չի կարող դիմակայել ոչ միայն Ադրբեջանի, այլև աֆրիկյան երկրի բանակի հարձակմանը: Հայ զինվորները ճանճերի պես սատկում են»:
Վերջինս նշել է նաև, որ իբրև, եթե այսօր Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվի, այնտեղ կքվեարկեն Ադրբեջանի կազմի մեջ մտնելու օգտին:
Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի իշխանություններին իրեն քաղաքական ապաստան տրամադրելու համար և հավելել, որ «Սերժ Սարգսյանի արյունարբու ու հանցավոր վարչակարգի քննադատն է եղել»:
Վերջինս հայտարարել է, թե Հայաստանում ենթարկվել է քաղաքական հետապնդումների, իսկ հետապնդումները սկսվել են, երբ ինքն ուսումնասիրել է Հայաստանին մատակարարվող գազի կալորիականությունը և պարզել, որ այն ցածր որակի է:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում տարածված լուրերի՝ Հայաստանում վերջինիս դեմ կա հարուցված քրեական գործ, ինչի հետևանքով էլ Վահանը որոշել է դիմել փախուստի: