Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է սեպտեմբերի 23-ին այցելել Ռուսաստան' մասնակցելու Մոսկվայի գլխավոր մզկիթի նոր համալիրի բացման արարողությանը, որին պետք է մասնակցի նաև Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:

 

 

Գործակալության հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է երկկողմանի հանդիպումներ անցկացնել Էրդողանի և Աբբասի հետ:

 

 

«Թուրքիայի նախագահն իսկապես ներկա կգտնվի Մոսկվայում մզկիթի բացման արարողությանը, և այդ առիթով նաև հանդիպում տեղի կունենա նախագահ Պուտինի հետ, կկայանա երկկողմանի զրույց: Մենք սպասում ենք, որ եթե բացման արարողությանը մասնակցի նաև Պաղեստինի ինքնավարության նախագահ Աբբասը, ապա Պուտինը նրա հետ ևս առանձին զրույց կունենա»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

 

 

Մամուլի քարտուղարը, սակայն, դեռ չի հայտնել' արդյոք Պուտինը կմասնակցի մզկիթի բացման արարողությանը: «Ես դեռ պատրաստ չեմ ասել»,- նշել է նա: