Վերջին շրջանում համացանցի հայկական տիրույթում պարզապես վխտում են ադրբեջանցի լրագրողները, ովքեր այս կամ այն կերպ փորձում են կապ հաստատել Հայաստանում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող գործիչների հետ: Նրանք ցանկանում են հարցազրույցներ կազմակերպել և հայ գործիչներին ներառել ադրբեջանական պրոպագանդայի մեջ:
Նման փորձ է կատարվել նաև «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի հետ: Ադրբեջանցի լրագրողը Ֆեյսբուքով խնդրել է հարցազրույց տալ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի հետ կապված:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Արմեն Մկրտչյանն ասաց, որ ինքը չի պատրաստվում ադրբեջանական լրատվամիջոցներին հարցազրույցներ տալ, քանի որ դա սկզբունքի հարց է: «Ես չեմ կարող հարցազրույց տալ այն պարագայում, երբ գրեթե ամեն օր սահմանին զինվոր է զոհվում, հայկական գյուղերը ռմբակոծվում են: Ես չեմ կարող այդ դեպքում ադրբեջանական ԶԼՄ-ներին հարցազրույց տալ»,- ասաց Մկրտչյանը:
Խոսելով նման փորձ ունեցող հայ գործիչների մասին՝ Արմեն Մկրտչյանն ասաց, որ իրենց քայլի վերաբերյալ արդեն իսկ հասարակությունը տվել է համապատասխան վերաբերմունք, և ինքն ավելացնելու ոչինչ չունի:
Նշենք, որ Արմեն Մկրտչյանն ադրբեջանցի լրագրողին հետևյալ կերպ էր պատասխանել. «Դու հավանաբար չես հասկանում՝ ում ես գրել: Իմ խնդիրն ուժեղ պետություն կառուցելն է, իսկ այդ ճանապարհին քո «մարդասպան երկիրը» պետք է ոչնչանա: Այնպես որ՝ շարունակիր հարցազրույցներ վերցնել Խզմալյանից և նրա նմաններից»: