Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը գլխավորել է ամերիկյան Forbes հանդեսի վարկածով ամենահարուստ ամերիկացիների ցուցակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան ամենամյա վարկանիշը, որում ընդգրկվել է 400 մարդ, սեպտեմբերի 29-ին հրապարակվել է հրատարակության կայքում:

 

Forbes-ի տվյալներով՝ մեկ տարում Գեյթսի կարողությունը կրճատվել է 3,2 մլրդ դոլարով և կազմել 76 մլրդ դոլար: «Microsoft-ում Գեյթսի բաժնեմասը կրճատվել է գրեթե մինչև 3 տոկոս և կազմում է նրա կարողության ընդամենը 13 տոկոսը: Մնացածը միլիարդատիրոջ ներդրումներն են ամենատարբեր ոլորտների բազմաթիվ ձեռնարկություններում»,- նշում է Forbes-ը:

 

Երկրորդ տեղում Berkshire Hathaway ներդրումային հոլդինգի գլխավոր տնօրեն Ուորեն Բաֆեթն է՝ 62 մլրդ դոլար կարողությամբ, երրորդում՝ ծրագրային ապահովում մշակող ամերիկյան ընկերության՝ Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը, որի կարողությունը գնահատվում է 47,5 մլրդ դոլար:

 

Առաջին անգամ առաջին տասնյակում տեղ են գտել Amazon.com էլեկտրոնային խանութի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը և Facebook սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը: Forbes-ի տվյալներով՝ Բեզոսը տարվա ընթացքում իր կարողությունն ավելացրել է 16,5 մլրդ դոլարով, ինչը գերազանցում է ցուցակի ցանկացած այլ գործարարի համանման ցուցանիշը: Տարվա ընթացքում նա 15-րդ տեղից տեղափոխվել է չորրորդ տեղ, Forbes-ը նրա կարողությունը գնահատել է 47 մլրդ դոլար: Ցուկերբերգը, որի կարողությունը գնահատված է 40,3 մլրդ դոլար, 10-րդ տեղից բարձրացել է 7-րդ տեղ:

 

Forbes-ի տվյալներով՝ «ցուցակի մասնակիցների միագումար կարողությունը կազմում է 2,34 տրիլիոն դոլար», ինչը 50 մլրդ դոլարով ավելի է, քան մեկ տարի առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: