ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչուհու կողմից 8-ամյա որդուն մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակչուհի, ազգությամբ ռուս, 3 անչափահաս երեխաների մայր Տ. Պիսարևան իր անչափահաս 8-ամյա որդուն 2015 թվականի հունիս-օգոստոս ամիսներին պարբերաբար ներգրավել է մուրացկանություն կատարելու մեջ: 8-ամյա տղան Վանաձոր քաղաքի մարդաշատ վայրերում մոր հորդորով տարբեր քաղաքացիներից մուրացել և նրան է փոխանցել գումարներ, որոնք վերջինս տնօրինել է՝ ըստ իր հայեցողության:

 

 

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ' մորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 166.1-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

 

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: