Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը գլխավորել է աշխարհի լավագույն համալսարանների վարկանիշը, որը կազմել է Times Higher Education (THE) բրիտանական հանդեսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

Առաջին անգամ միանգամից 800 բուհերի ընդգրկող THE World University Rankings 2015-16 գլոբալ հետազոտությունը, որը հրապարակվում է 12-րդ անգամ, վերստին հավաստել է Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների գերիշխող դիրքը: Միևնույն ժամանակ նրանց փոքր-ինչ հետ են մղել Շվեյցարիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների բուհերը, որոնց վերելքի շնորհիվ վարկանիշի առաջին երկու հարյուրյակում եվրոպական ուսումնական հաստատությունների թվաքանակն ամենամեծն է դարձել դրա ստեղծման պահից:

 

 

Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում գտնվող մասնավոր հետազոտական համալսարանը հեղինակավոր վարկանիշը գլխավորել է հինգերորդ անգամ անընդմեջ, որը կազմելիս օգտագործվում է 13 ցուցանիշ, այդ թվում՝ գիտական հոդվածների հիշատակելիությունը, ինովացիաներում ներդրած ավանդը, հետազոտական գործունեությունից ստացվող եկամուտները, դասավանդման որակը, համալսարանի գլոբալության աստիճանը, այսինքն՝ լավագույն աշխատակիցների և օտարերկրյա ուսանողների ներգրավելու նրա հնարավորությունը:

 

 

Երկրորդ հորիզոնականում տեղավորվել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանը: Նրան հաջորդում են Ստենֆորդի համալսարանը (ԱՄՆ), Քեմբրիջի համալսարանը (Մեծ Բրիտանիա), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ), Հարվարդի համալսարանը (ԱՄՆ), Փրինսթոնի համալսարանը (ԱՄՆ), Լոնդոնի կայսերական քոլեջը (Մեծ Բրիտանիա): Ցյուրիխում գտնվող Շվեյցարիայի համերկրային տեխնոլոգիական ինստիտուտը զբաղեցրել է իններորդ դիրքը՝ դառնալով ԱՄՆ-ն կամ Մեծ Բրիտանիան չներկայացնող առաջին բուհը, որը կարողացել է թոփ 10-ում հայտնվել վարկանիշի ստեղծման պահից ի վեր: Առաջին տասնյակը եզրափակում է Չիկագոյի համալսարանը (ԱՄՆ):

 

 

Ընդհանուր առմամբ, վարկանիշի 800 բուհերից 147-ն ԱՄՆ-ից են: Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որը ներկայացված է 78 համալսարաններով: Նրան հաջորդում են Ճապոնիան (41), Գերմանիան և Չինաստանը (37-ական), Իտալիան (34), Ավստրալիան (31), Ֆրանսիան (27), Իսպանիան և Կանադան (25-ական):

 

 

«Ցամաքային Եվրոպան, որտեղ ուժեղ դինամիկա են ցուցաբերել Շվեյցարիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների և 12 այն երկրների համալսարանները, որոնք այս տարի առաջին անգամ են հայտնվել այդ վարկանիշում, թուլացնում են անգլո-ամերիկյան համալսարանների գերիշխանությունը»,- նշել է վարկանիշի խմբագիր Ֆիլ Բեյթին:

 

 

Այս տարվա վարկանիշում Ռուսաստանը ներկայացնում են 13 բուհեր: Դրանց թվում առավել բարձր դիրքում՝ 161-րդ տեղում է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, որն անցյալ տարվա վարկանիշի համեմատությամբ կարողացել է բարձրանալ 35 հորիզոնականով:

 

 

Ասիական տարածաշրջանում խառը պատկեր է դիտվում. Ճապոնիայի և Հարավային Կորեայի բուհերն ընդհանուր առմամբ զիջել են դիրքերը այն դեպքում, երբ Չինաստանի համալսարանները չեն կարողացել բարելավել իրենց դիրքը: Այդուհանդերձ, աշխարհի այս մասի ուսումնական հաստատությունները շարունակում են կարևոր տեղ գրավել աշխարհի բաձրագույն կրթության էլիտայում: Ճապոնիան իր բուհերի ընդհանուր ներկայացուցչությամբ երրորդ տեղն է գրավում վարկանիշում: Ցուցակում տեղ են գտել ՉԺՀ-ի 38 բուհեր, Հարավային Կորեայի՝ 24 և Թայվանի՝ 24, Հնդկաստանի 17 բուհեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: