Պաշտպանության նախարարության հարկի ներքո նախարար Սեյրան Օհանյանը բարի ավանդույթի համաձայն՝ հոկտեմբերի 4-ին հանդիպել է մի խումբ ուսուցիչների և ազգային բանակում ծառայող նրանց նախկին աշակերտների հետ:

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երախտիքի խոսքեր են հնչել լավագույն ուսուցիչների հասցեին' իրենց վեհ կոչմանը հավատարիմ մնալու և հայրենիքին արժանի զինվորներ դաստիարակելու համար:

 

 

Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր երախտագիտությունն է հայտնել մանկավարժներին ամենօրյա նվիրումի և քրտնաջան աշխատանքի համար: Աշխատանք, որի արդյունքում կրթվում ու դաստիարակվում է մերօրյա հայրենասեր և խելացի սերունդը, ինչի վառ վկայությունը նաև այս օրերին հայ զինվորների ցուցաբերած խիզախությունն ու հայրենասիրական վսեմ հատկանիշներն են:

 

 

Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել նաև հանրակրթության ոլորտի պատասխանատուները, որոնց թվում՝ նաև այն ուսուցիչները, որոնց աշակերտները արիաբար զոհվել էին վերջին օրերի սահմանային լարվածության ժամանակ՝ հակառակորդի հարձակումները հետ մղելիս:

 

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար' մանկավարժները ևս մեկ անգամ կարևորել են զինված ուժերի և կրթօջախների միջև հաստատված արդյունավետ համագործակցության շարունակականությունը: