Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան օրվա առթիվ: ՌԴ Նախագահին ՀՀ Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել:
«Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք ամենաջերմ և սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Ձեր երկարամյա պետական գործունեությամբ, հարուստ քաղաքական փորձով և ի շահ Ռուսաստանի բարգավաճման ու նրա քաղաքացիների բարեկեցության նախանշված նպատակներին հասնելու հետևողականությամբ Դուք արժանացել եք Ձեր հայրենակիցների խորը հարգանքին և համաշխարհային ասպարեզում բարձր հեղինակության:
Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում՝ հիմնված մեր երկրների ժողովուրդների բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության վրա: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը այսուհետ ևս ուղղված կլինեն միջպետական քաղաքական երկխոսության հետագա ընդլայնմանը, հայ-ռուսական համագործակցությունը ռազմավարական նախաձեռնություններով և առևտրատնտեսական, հումանիտար ու այլ ոլորտներում հեռանկարային նախագծերով հետևողականորեն լրացնելուն, ինչը բխում է մեր ժողովուրդների արմատական շահերից:
Վստահ եմ, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ամրապնդումը ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում և բազմակողմ կառույցների ձևաչափով կնպաստի տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ նպատակներին:
Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն, նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: