ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ Հայաստանը մինչև տարվա վերջ մինչև 4 տոկոս տնտեսական աճ կապահովի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մոտ 25 տոկոսով նվազել են Հայաստան ուղղվող տրանսֆերտները, սակայն գյուղատնտեսության ոլորտի աճը հնարավորություն կտա որոշակիորեն ծած կել այդ պակասը: «Ես համոզված եմ, որ մենք մինչև տարվա վերջ կարձանագրենք 3-3.5, մինչև 4 տոկոս տնտեսական աճ: Իհարկե, էկոնոմիկայի նախարարությունն ավելի լավատես է այս հարցում, սակայն ավելի լավ կլինի այս մասին խոսենք փաստերով»,- շեշտեց վարչապետը:
Նա չհամաձայնեց այն խոսակցությունների հետ, թե Հայաստանի տնտեսության վիճակը շատ վատ է: Վարչապետը նկատեց, որ աշխարհում ընթացող «տնտեսական պատերազմը» բացասական ազդեցություն է ունենում Հայաստանի վրա՝ վստահեցնելով, որ կառավարությունը՝ ՀՀ Նախագահի գլխավորությամբ, ամեն ինչ անելու է, որպեսզի հաղթահարվեն այդ դժվարությունները: «Ես կարծում եմ, որ մենք կհասնենք հաջողության: Ես կարծում եմ, որ մենք չորրորդ եռամսյակում կունենանք ներմուծման և արտահանման ակտիվություն, ինչն էլ կհանգեցնի տնտեսության ակտիվությանը»,- եզրափակեց վարչապետը: