Թուրքիայում ձերբակալվել են Անկարայում հոկտեմբերի 10-ի առավոտյան' ահաբեկչական պայթյուններից մոտ 9 ժամ առաջ Twitter-ում «Անկարայում ռումբ կպայթի» գրառում կատարած երկու անձինք:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MIT) պնդմամբ' դրանք @DrBereday ստատուսով Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամներ են:

 

 

Նրանք Twitter-ում հետեւայլ գրառումներն են կատարել. «Ռումբը կպայթի Անկարայում», ««Իսլամական պետությունը» չպայթեցնի՞ Անկարայում», «Անկարայում իրականացվելիք գործողությունում կարող է ԻՊ-ի անվան տակ գրոհ կատարվել, ինչը կանխելու ճանապարհը Ձախակողմյան կազմակերպությունների միջամտությունն է: PKK-ն այս գործում չկա»:

 

 

Ձերբակալվածներից Դիարբեքիրում ծնված 44-ամյա Էրհան Օ.-ն PKK-ի բազմաթիվ գործողությունների մասնակից է. նա արդեն երկու անգամ ձերբակալության էր ենթարկվել:

 

 

Մյուս ձերբակալվածն Ուրֆայի Սուրուչ քաղաքի 35-ամյա բնակիչ Մեհմեթ Փ.-ն է, որը 2013-2014 թվականներին դատապարտված է եղել: Կասկածյալը մի քաղաքական կուսակցությունից թեկնածու է եղել առաջադրված 2015 թվականի հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում:

 

 

Անկարայում տեղի ունեցած երկու ահաբեկչական պայթյունների հետևանքով պաշտոնական տվյալներով 97 մարդ զոհվել, 240-ն էլ վիրավորվել են: