ՀՀ Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 20-ին գրավոր ընթացակարգով քննության առավ «Հրապարակ օրաթերթ» և «Ստարտ Մեդիա» ՍՊ ընկերությունների դիմումների հիման վրա' «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի երկրորդ մասի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 279-րդ հոդվածի' Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Հայցը Սահմանադրական դատարան ներկայացրել են իրավաբաններ Արտակ Զեյնալյանը և Արա Ղազարյանը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սահմանադրական դատարանի անդամները՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ, հեռացան խորհրդակցական սենյակ որոշումը կայացնելու նպատակով:

 

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն' տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները:

 

Անցած տարի «ilur.am» կայքը հրապարակել էր մի հոդվածի, ըստ որի Շիրակի արդեն նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը հարձակվել և բռնություն է գործադրել գյումրեցի ճանաչված ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ։ Թեման զարգացրել էր «Հրապարակ» օրաթերթը: Մամուլի հրապարակման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել և դատարանի որոշմամբ «ilur.am» կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանին պարտադրվել էր բացահայտել նյութի աղբյուրը: Սակայն, վերջինս հրաժարվել էր, որից հետո վերջինս մեղադրվում էր տեղեկատվության աղբյուրը դիտավորությամբ չբացահայտելու, կամ ավելի ստույգ՝ աղբյուրը բացահայտելու մասին դատական ակտը դիտավորյալ չկատարելու մեջ։

 

Քրիստինե Խանումյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Լրագրողի նկատմամբ հարուցված քրեական գործը երկար ընթացք չստացավ, քանի որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի որոշմամբ կարճվեց Խանումյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) հարուցված քրեական գործը: