Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի խայտառակ պաշտոնանկության նկատմամբ հասարակության վերաբերմունքն առկա ռեժիմի նկատմամբ վերաբերմունքի ցուցանիշն է: Մահմուդովը պաշտոնանկ արվեց «խփվելով», քանի որ Ադրբեջանում պաշտոնից հեռացվում են միայն «խփվելով», այլ ավանդույթ Ադրբեջանում գոյություն չունի:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է «Ազադլըգ» թերթը՝ նշելով, որ ԱԱՆ-ը 11 տարի ղեկավարած Մահմուդովի պաշտոնանկությունը բավարար եղավ, որ նրա մասին ծանր մեղադրանքներ հնչեցվեն, մի քանի հոգի ձերբակալվեն, սպասվում է տասնյակ գեներալներ ձերբակալություն ևս, Էլդար Մահմուդովին պատկանող օբյեկտները փակվում են: Մինչ երեկ երկրի անվտանգության համար պատասխանատու մարդուն սկսեցին ներկայացնել որպես ամենավտանգավոր մարդ: Նրան անվանում են հափշտակից, ավազակ, կոռուպցիոներ, դավաճան: Նույնիսկ դրան ձայնակցում են կառավարության թիմում ներկայացվածները և խոսում այդ կառույցում եղած բացասական երևույթների մասին:

 

«Բնական է, որ ադրբեջանական կառավարության այս թիմում մաքուր մնալն անհնարին է: Մաքրությունը, ճշմարտացիությունը չի համապատասխանում այս իշխանության «ստանդարտներին»: Սակայն, հարցը նրանում է, որ Էլդար Մահմուդովը միակ նմուշը չէ: Թիմի որ ներկայացուցչին էլ խփեն, արդյունքը նույնն է լինելու: Իրականում այն ինչ գրվում և խոսվում է երկրում, միայն Էլդար Մահմուդովի նկատմամբ վերաբերմունքից չէ: Ընդհանուր առմամբ, դա ռեժիմի նկատմամբ հասարակական կարծիքի արտահայտությունն է: Ժողովուրդն էլ գիտի, որ թիմի ցանկացած «բարձրաստիճան» անդամ կոմպրոմատ, ապօրինի գործողություններ, կեղտոտ փողեր ունի»,- գրում է թերթը:

 

Թերթը հավելում է, որ Ադրբեջանում յուրաքանչյուր պաշտոնյա իր հանցագործությունը թաքցնելու համար պետք է կարողանա գտնել հավերժ պաշտոնում մնալու ճանապարհը, հակառակ դեպքում, նրանց բոլորին Մահմուդովի ճակատագիրն է սպասում:

 

«Հասարակության մեջ ռեժիմի նկատմամբ արդեն ամբողջական պատկերացում է ձևավորվել: Հասարակությունը մտել է խորը ատելության մեջ: Որևէ նախարարի, գործադիր ղեկավարի շարքից հանվելն ուրախացնում է շարքային քաղաքացուն: Մարդիկ մտածում են, որ «թալանչիներից մեկն էլ գնաց»: Համոզված են, որ յուրաքանչյուր գնացող խոշոր ապօրինություններ է կատարել: Այս հասարակական ատելությունը և զայրույթն ուղղվել է ռեժիմի բոլոր պաշտոնյաների դեմ:

 

Միանշանակ, վերջին օրերին ԱԱՆ-ի շրջակայքում ստեղծված աղմուկն իշխանության նկատմամբ հասարակության ատելության արտահայտությունն է: Մարդկանց մոտ արմատացած այն կարծիքը, որ «մեկը մյուսին ուտելով սատկելու են», ևս ծագում է այդ ատելությունից»,- ամփոփում է թերթը: