Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի և քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանի դիտարկմամբ խորհրդարանական կառավարման համակարգն այլևս երկընտրանք չունի Հայաստանի Հանրապետության համար:
«Սահմանադրական փոփոխությունների գործընթացը պարզապես «հեղափոխություն» է վերևից: Եթե մեր քաղաքացիները դեկտեմբերի 6-ին «այո» ասեն այս փոփոխություններին, ապա ես համոզված եմ, որ դրանց շնորհիվ մենք կունենանք ավելի լավ պետություն, ավելի արդյունավետ կառավարում և մարդու իրավունքների գերակայություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հոկտեմբերի 28-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը՝ հավելելով, որ աշխարհում չենք գտնի խորհրդարանական մոդելով կառավարվող մի երկիր, որը ժողովրդավար չլինի:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների 89-րդ հոդվածում առկա կայուն մեծամասնության դրույթին'պատգամավորն ասաց հետևյալը. «Այդ դրույթը քաղաքացիներին հնարավորություն է տալիս, խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու հարցում քաղաքական կուսակցությունների անհամաձայնության դեպքում, ասել իրենց ծանրակշիռ խոսքը, թե որ կուսակցությունը կձևավորի խորհրդարանական մեծամասնություն»:
Իր հերթին քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանը շեշտեց, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով կարելի էր Սահմանադրական դատարանը վերացնել' նրա գործառույթները հանձնելով Վճռաբեկ դատարանին: «Իմ կարծիքով, հարկավոր էր նաև վերացնել նախագահի ինստիտուտը, քանի որ նա այլևս օժտված չի լինելու գործադիր իշխանության գործառույթներով»,- ընդգծեց նա:
Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կանցկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է կառավարման խորհրդարանական մոդելը: