Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կատարողական վարույթի ավարտից հետո համապատասխան վարչական ակտերն ուղարկում է բանկային համակարգ՝ համապատասխան գումարի չափով վարչական խախտում կատարած քաղաքացու հաշիվների վրա արգելք դնելու համար: Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխան յանի հարցին: «Ես ցանկանում եմ ընդգծել, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վարչական մարմնից ավտոմատ կերպով ստանում է համապատասխան վարչական ակտը, որից հետո ավտոմատ կերպով կատարողական վարույթ է սկսվում, որից հետո վարչական ակտն ուղարկվում է բանկային համակարգ՝ քաղաքացու հաշիվների վրա որոշակի գումարի չափով արգելք դնելու համար: Ցանկանում եմ վստահեցնել, որ համակարգը որևէ կերպ բացառում է քաղաքացու հաշիվների վրա ամբողջական կալանք դնելու հնարավորությունը»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

 

 

Նա հավելեց, որ նախարարությունեը ստացել է մի քանի դիմումներ, որոնց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ որոշ բանկեր տեխնիկական խնդիրների հետևանքով արգելք են դրել քաղաքացիների ամբողջ հաշիվների վրա, ինչն օրենքի խախտում է և անընդունելի: Նախարարը նաև հայտնեց, որ առաջիկայում քաղաքացիները հնարավորություն կստանան նաև Tell Cell համակարգով վճարել վարչական ակտը և ստանալ արգելքի կարճման մասին որոշումը:

 

 

Արփինե Հովհաննիսյանն վստահեցրեց, որ քաղաքացու կողմից վարչական ակտը վճարելուց հետո անմիջապես ԴԱՀԿ-ն համապատասխան ծանուցում է ուղարկում բանկային համակարգ՝ նրա հաշիվներից արգելքը հանելու վերաբերյալ: Նախարարը շեշտեց, որ ԴԱՀԿ-ն չի կարող ուշացնել այդ գործընթացը, քանի որ համակարգն ամբողջովին ավտոմատ է գործում: