Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներն այսօր' նոյեմբերի 1-ին շտապում են ընտրատեղամասեր' քվեարկելու իրենց նախընտրած կուսակցությունների օգտին, որոնք ներգրավված կլինեն 26-րդ գումարման նստաշրջանի թուրքական մեջլիսի աշխատանքներում: Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն կազմելու հարցում կուսակցությունների ձախողումից հետո երկրում առաջին անգամ միևնույն տարվա ընթացքում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընտրություններին մասնակցում են 16 քաղաքական կուսակցություններ, որոնցից հիմնական պայքարի մեջ կմտնեն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլերին» հարող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ):

 

Տարբեր սոցհարցումները ցույց են տալիս, որ ՀԺԿ-ն և ԱՇԿ-ն հիմնականում կպահեն նախորդ ընտրություններում իրենց գրանցած արդյունքները, իսկ հիմնական պայքարը կընթանա ԱԶԿ և ԺԴԿ միջև: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կուսակցությունը' ԱԶԿ-ն, որին հարում է նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նպատակ ունի այս ընտրություններում հավաքել այնքան ձայներ, որը թույլ կտա ստանալ պատգամավորական մանդատների բացարձակ մեծամասնությունը և կազմել միակուսակցական կառավարություն: Նշենք, որ այս կուսակցությունը միանձնյա ղեկավարում է երկիրը 2003 թվականից ի վեր:

 

Ձախակողմյան հայացքներ ունեցող ԺԴԿ-ն, առաջին անգամ մասնակցելով հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին, աննախադեպ հաղթանակ տարավ' ստանալով ձայների ավելի քան 13 տոկոսը, ինչը նրան թույլ տվեց մեջլիսում ունենալ 80 պատգամավոր: Քրդամետ այս կուսակցության նման հաղթանակն էր նաև, որ զրկեց ԱԶԿ-ին անհրաժեշտ քվեներից և միակուսակցական կառավարման համար պահանջվող մանդատներից: ԺԴԿ-ն, որը ջախջախիչ առավելությամբ հաղթանակ էր տարել Թուրքիայի արևելյան նահանգներում, նոյեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ևս ունի բոլոր շանսեր ն այս ընտրատարածքներում ստանալու ձայների գերակշիռ մեծամասնությունը: Շատ վերլուծաբաններ կարծում են նաև, որ թուրքական կառավարության կողմից քրդական շարժման դեմ ուղղված գործողությունները հանգեցրել են նրան, որ ընտրություններում ԺԴԿ-ն ունի բոլոր շանսերն անգամ ավելացնելու իր քվեները' ի վնաս ԱԶԿ-ի:

 

Ինչպես նախորդ' հունիսի 7-ի ընտրություններում, այնպես էլ այժմ չորս հիմնական կուսակցություններից երեքը' ԱԶԿ-ն, ՀԺԿ-ն և ԺԴԿ-ն, իրենց թեկնածուների շարքում առաջադրել են հայերի. ԱԶԿ-ի թեկնածուն հայտնի պոլսահայ լրագրող Մարգար Եսայանն է, ՀԺԿ-ինը' հայ իրավաբան Սելինա Դողանը, իսկ քրդամետ ԺԴԿ-ն առաջադրել է հայկական համայնքային կյանքում իր ակտիվ դերակատարությամբ աչքի ընկնող Գարո Փայլանին: Երեք թեկնածուներն էլ նախորդ ընտրություններում կարողացել էին հավաքել անհրաժեշտ ձայներ և ստացել էին պատգամավորական մանդատներ: Մեծ է հավանակությունը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ևս նրանք կդառնան Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր' այդպիսով հնարավորություն ստանալով հայկական համայնքային խնդիրները բարձրաձայնել երկրի օրենսդիր մարմնում:

 

Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայացող արտահերթ խորհրդարանական ընտրությունները վճռորոշ են երկրի քաղաքական ապագայի համար: Դրանց կմասնակցեն 54 միլիոն 49 հազար 940 մարդ Թուրքիայում: Եվս 2 միլիոն 899 հազար մարդ արդեն իր ընտրությունն արել է արտերկրում: Արտերկրում բնակվող քաղաքացիների կողմից քվեարկված քվեաթերթիկներն արդեն ուղարկվել են Թուրքիա: Դրանք կհաշվեն երկրում ընտրությունների ավարտից հետո միայն:

 

Արաքս Կասյան