Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն Էգեյան ծովում փախստականների ճգնաժամի և ողբերգությունների համար պատասխանատու է համարել Թուրքիային:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ցիպրասը հայտարարել է գերմանական Bild թերթին տված հարցազրույցում:

 

«Թուրքիան պարտավոր է պայքարել մաքսանենգների դեմ: Փախստականները պետք է մնան Թուրքիայում: Տեղի ունեցող ողբերգության համար Թուրքիան է պատասխանատու»,- ասել է նա՝ նշելով, որ առանց այդ մասին Եվրամիության հատուկ որոշման Հունաստանի սահմանը փախստականների համար չի բացվելու:

 

Հունաստանի վարչապետը հայտնել է, որ իր երկիրը կողմնակից է այն բանին, որպեսզի Մերձավոր Արևելքից փախստականները մնան Թուրքիայում:

 

«Մեր դիրքորոշումն այն է, որ փախստականները պետք է մնան Թուրքիայում: Թուրքիայում պետք է փախստականների ճամբարներ ստեղծվեն: Թուրքիան պետք է պայքարի մաքսանենգների դեմ և կանգնեցնի նրանց»,- նշել է նա: