Օրենքը միտված է նպաստների տեխնիկական խնդիրների կարգավորմանը՝ ցուցակներ մաքրելու, տեղեկատվական բազաներ մաքրելու, տեղեկանքներ տրամադրելու: Այդ մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Մի բան պետք է հասկանանք՝ ինչ ոլորտի վրա ենք ազդում: Օրենքն ընդունելու և փոփոխություններն անելու գլխավոր խնդիրը՝ պետք է հասկանանք՝ ինչ գործողություններ ենք ձեռնարկում ժողովրդագրական ճգնաժամի դեմն առնելու համար և նպաստելու, որ իսկապես կարողանանք մեր այս փոփոխություններով նպաստենք ծնելիության բարձրացմանը»,- նշեց պատգամավորը:
Թևան Պողոսյանի խոսքով՝ ժամանակին եղել են տարբեր խնդիրներ՝ գրանցման, ձևական գրանցման հետ կապված. «Բայց չէ՞ որ ունենք իսկապես աշխատող մայրեր, ովքեր բարեկեցություն են ստեղծում և դրա հետ մեկտեղ ուզում են երեխաներ ունենալ: Միշտ չէ, որ աշխատանքի խնդիր ձևական է: Մի կողմից մենք դրական քայլ ենք անում՝ նպաստ ենք տալիս չաշխատող մայրերին, մյուս կողմից՝ պետք է այնպես անենք, որ աշխատող մայրերի մոտ հարց չառաջանա՝ եթե նպաստի հնարավորությունը կա, և ես բարեկեցություն եմ ստեղծել, ապա ինչո՞ւ չպետք է ավելին օգտվեմ, քան ուրիշը»:
Պատգամավորը հորդորեց նաև ուսումնասիրել միջազգային պրակտիկան: