«Բարգավաճ Հայաստանը» կողմ է քվեարկելու առաջարկվող փոփոխություններին, թեև, իհարկե, այն ամբողջովին չի կարգավորում ոլորտում առկա խնդիրները: Այս մասին այսօր Ազգային ժողովում նպաստների մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Ժամանակին «Բարգավաճ Հայաստանը» ներկայացրեց նախաձեռնություն, որպեսզի ամսական 18 հազար դրամ նպաստ ստանան նաև չաշխատող մայրերը, և այստեղ ես համաձայն չեմ իմ գործընկերոջ հետ (նկատի ունի Թևան Պողոսյանին-խմբ.), որ աշխատող և չաշխատող մայրերի հավասարությունը կարող է ինչ-ինչ ըմբոստություն առաջացնել: Չաշխատող մայրերը շատ դեպքերում իրենց կամքով չէ, որ չեն աշխատում՝ աշխատանք չկա: Մենք չպետք է մոռանանք, թե ինչպիսի երկրում ենք ապրում, որտեղ գործազրկության մակարդակն անցել է բոլոր թույլատրելիի սահմանները, որտեղ աղքատությունը 36 տոկոս է, և էնպես չէ, որ աշխատանքի լայն ընտրություն կա, և կանայք, լոդր են, չեն ցանկանում աշխատել, խախտվում է աշխատողների և չաշխատողների իրավահավասարությունը»,- նկատե պատգամավորը:
Զոհրաբյանի խոսքով՝ միջազգային պայմանագրերով աշխատող մայրերը պաշտպանված են, բայց պիտի պաշտպանված լինեն նաև չաշխատող մայրերը, պետք է նրանց աշխատանքով ապահովել և տեսնել՝ նրանցից քանիսն է իր կամքով հրաժարվում աշխատանքից:
Պատգամավորը ևս մեկ անգամ նշեց, որ իրենց խմբակցությունը ժամանակին առաջարկել է 18 հազար դրա տրամադրել չաշխատող մայրերին, սակայն իրենց առաջարկած նախագիծը մերժվել է՝ պատճառաբանությամբ, թե բյուջեում գումար չկա:
«Մենք մեր նախագիծը կրկին դնելու ենք շրջանառության մեջ, որովհետև կարծում ենք, որ չաշխատող մայրերը նույնպես պետք է ունենան հնարավորություն՝ օգտելու աշխատող մայրերի համար սահմանված նպաստից: Իհարկե, այս նախագիծը որոշակի խնդիրներ լուծում է, բայց խնդիրն ամբողջապես չի կարգավորվում: Մենք գտնում ենք, որ աշխատող և չաշխատող մայրերի համար պետք է լինի բացարձակ հավասար դաշտ՝ ամսական նշյալ գումարը ստանալու համար»,- ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ եղել են ցայտուն նախադեպեր, թե ինչպես «որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կանայք, օգտվելով այն բանից, որ շատ բարձր աշխատավարձ են ստանում, կամ ծննդաբերելու վերջին ամսին ինչ-ինչ գործարքների գնալով գործատուների հետ, իրենց գրվել էր բարձր աշխատավարձ և իրենք ստանում էին տասնյակ միլիոնների հասնող ծննդյան և հետծննդյան գումարներ»:
Պատգամավորը հորդորեց պահպանել արդարության սկզբունքը: