armnoc.am Մարզումներիս արդյունքն էր, հարազատներիս սպասելիքների արդարացումը: Իսկ որպես մարդ՝ ես հպարտ էի: Ուրախ եմ, որ մեկնեցի Բաքու, ուրախ եմ, որ ինձ նման հնարավորություն տրվեց և վստահվեց: Այս մասին Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Բաքվի Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը:
Մարզիկի՝ armnoc.am-ին տված հարցազրույցը՝ ստորև.
-Միհրան, աշխարհի առաջնությունն արդեն անցյալում է, ի՞նչ հետևություններ ես արել քեզ համար:
-Հետևությունները, որ արել եմ շատ քննադատական են: Քանի որ կան մի քանի սխալներ, որոնց վրա պետք է աշխատեմ, հղկեմ: Ինձ մնում է գրեթե մեկ տարի, ավելի քիչ, որ աշխատեմ դրանց վրա և ինձ ավելի կատարելագործեմ:
- Տարվա ամենաքննարկված և քննադատված թեման Բաքվի Եվրոպական խաղեր էին, որտեղից դու վերադարձար Հայաստանի համար միակ արծաթե մեդալով: Ի՞նչ էր քեզ համար այդ մեդալը:
- Որպես մարզիկ՝ այն ինձ համար մեդալների քանակի ավելացում էր և հնարավորություն՝ մասնակցելու այլ մրցաշարերի: Մարզումներիս արդյունքն էր, հարազատներիս սպասելիքների արդարացումը: Իսկ որպես մարդ՝ ես հպարտ էի: Ուրախ եմ, որ մեկնեցի Բաքու, ուրախ եմ, որ ինձ նման հնարավորություն տրվեց և վստահվեց: Անկեղծ ասած՝ շատերը կարող են ասել, որ այնտեղ գնալը վտանգավոր քայլ էր, բայց անձամբ ինձ համար այն մարզական մեծ տոն էր: Ինձ համար հաճելի էր պայքարել այնտեղ, քանի որ կրծքիս հայկական գերբն էր, իսկ թիկունքիս՝ հայկական ազգանունս: Ինձ հաջողվեց մեդալ նվաճել, ինչի մասին խոսեցին շատերը:
- Բաքվի խաղերից հետո ուշադրությունը մեծացավ քո նկատմամբ, արդյոք չե՞ս մեծամտացել:
- Այդ մասին պետք է մարդիկ ասեն: Կարծում եմ՝ ոչ: Շրջապատողների համար ավելի ակնհայտ է:
- Ռիոյի Օլիմպիական խաղերին քիչ ժամանակ է մնացել: Մասնագետների կարծիքով՝ Միհրան Հարությունյանն ունակ է ոսկե մեդալ նվաճել Օլիմպիական խաղերում: Ի՞նչ է պետք քեզ՝ օլիմպիական չեմպիոն դառնալու համար:
- Ձեր հավատը:
- Միհրան, ծանոթացար «Օլիմպավանին»: Ի՞նչ տպավորություն թողեց այն քեզ վրա:
- Շատ լավն է:
- Կօգնի՞ ձեզ հետագա հաջողությունների հասնելու համար:
- Կարծում եմ՝ այո, քանի որ ինձ համար ևս երազանք էր Հայաստանում տեսնել նմանատիպ կառույց: Մենք զգում էինք նման կառույցի կարիքը: Կարծում եմ՝ շատերն այստեղ կմարզվեն և հենց այս ամենից շատ բան կախված կլինի: «Օլիմպավանը» շատ կօգնի մեզ:
- Միհրան, մեկ անգամ չէ, որ ասել ես, որ քեզ համար տարբերություն չկա, թե որտեղ ես մարզվում՝ դահլիճում, փողոցում: Արդյո՞ք մարզիկի համար մեծ դեր ունի մարզասրահը:
- Մարզիչների վերաբերմունքը, մարզումների սեփական մեծ ցանկությունը և մթնոլորտը մեծ նշանակություն ունեն: Այո, դուք ճիշտ եք, միշտ էլ ասել եմ և հիմա էլ ասում եմ, որ ինձ համար նշանակություն չունի, թե որտեղ կմարզվեմ: Բայց դա չի նշանակում, որ պետք է նախապատրաստվել վատ պայմաններում: Այս պայմաններն շատ ավելի լավն են: Հոգեբանորեն մեզ համար ավելի հարմարավետ կլինի նախապատրաստվելը:
- Մինչև տարվա վերջ ի՞նչ մրցաշարերի ես պատրաստվում մասնակցել:
- Դեռևս ոչ մի բան չեմ պլանավորում: Միգուցե մինչև տարվա վերջ մասնակցեմ ինչ որ մրցաշարերի: Կրկին ինձ փորձեմ և երկրպագուներին ինչ-որ բան ևս նվիրեմ՝ ինչ-որ տեղ նաև փորձ հավաքեմ:
- Հաջորդ մեծ մեկնարկը Եվրոպայի առաջնությո՞ւնը կլինի:
- Կարծում եմ՝ այո:
- Միհրան, մի փոքր փոխում ենք հարցերի տեսակը: Ի՞նչ է քեզ համար երջանկությունը:
- Մոնիկան (խմբ. Միհրանի դուստրը): Երջանկության ասվածը մեծ հասկացողություն է: Այն կարող է և առողջության մեջ լինել, և ցավոք սրտի, փողի և մարդկանցում, ովքեր քեզ շրջապատում են: Երջանկությունն այն ամենն է, ինչին դու կարող ես հասնել: Հենց դա է քեզ երջանկացնում:
- Իսկ ի՞նչ է քեզ համար հաջողությունը:
- Ուժեղ լինել. դա է հաջողությունը:
- Այդ դեպքում, որո՞նք են քո ուժեղ կողմերը:
- Նպատակասլացությունը:
- Իսկ թո՞ւյլ:
- Բարությունը:
- Ո՞րն է ամենամեծ վախդ:
- «Անվախ եմ»: Բայց վախենում եմ հարազատներիս համար: Սիրում եմ տեսնել նրանց երջանիկ: Վախենում եմ նրանց արցունքներից, տխրությունից:
- Մարդկային ո՞ր հատկանիշն ես գնահատում մարդու մեջ:
- Ամենակարևոր հատկանիշներից մեկը մարդու մեջ դա հավատն է առ Աստված: Ինձ համար դժվար է մոտ թողնել մի մարդու, ով չի հավատում Աստծուն: Թեպետ ասում եմ, որ իմ թույլ կողմերից մեկը բարությունն է, բայց ես գնահատում եմ մարդկանց մեջ այդ բարությունը: Լուսավոր գործեր են անում բարի մարդիկ:
- Ո՞ւմ ես վստահում ամենից շատ:
- Աստծուն:
- Որտե՞ղ կցանկանայիր անցկացնել ծերությունդ:
- Ես ընտանիքի մարդ եմ: Շատ եմ ուզում մեծ ընտանիք ունենալ, շատ երեխաներ, հենց այդ ջերմությունը: Եվ լիահույս եմ, որ կկարողանամ կառուցել այն տունը, որի մասին վաղուց եմ երազում: Շատ եմ մտածում այդ ուղղությամբ: Այն պետք է լինի անսովոր, պարզ և միևնույն ժամանակ շատ ջերմ, ոչ միայն իմ հարազատների, այլ հյուրերի համար ևս:
- Ի՞նչ հարց կցանկանային որ քեզ տային: Տուր քեզ երեք հարց և պատասխանիր դրանց:
- Դժվար է: «Ինչի՞ մասին են մտածում լրագրողները»: Այս հարցին ես կպատասխանեի, որ նրանք մտածում են, թե ի՞նչ կերպ կարելի է հարցերի միջոցով կապ ստեղծել մարդու հետ, ով չի ցանկանում խոսել: «Ինչի՞ մասին են մտածում կանայք»: Իմ կարծիքով՝ այս հարցի պատասխանը երբեք և ոչ մեկ չի կարող տալ: Երրորդ հարց չունեմ:
- Որտե՞ղ ես քեզ տեսնում 10 տարի անց:
- Սպորտի և մարզադպրոցի հետ կապված ինչ-որ տեղում: Կազմակերպչական ինչ-որ աշխատանքում:
- Ինչպե՞ս կցանկայիր, որ քեզ հիշեն:
- Ինչպես լավ մարդու և, իհարկե, ինչպես Օլիմպիական չեմպիոնի: Թող ինձ հիշեն որպես դիտարժան մարզիկ, քանի որ կան մարզիկներ, ովքեր աշխարհի և օլիմպիական չեմպիոններ են, բայց կենսագրությունները նայելիս, միայն նկատողություններ ես տեսնում: Ուզում եմ ամբողջ աշխարհին ցույց տալ այն, ինչը պակասում է ըմբշամարտում՝ մարզաձևի ամբողջ շքեղությունը: Փառքի ժամին, բոլորն են հիշում քո մասին, բայց դա, ցավոք սրտի, շուտ էլ մոռացվում է: Կարևոր է, որ քո մասին որպես լավ մարդ խոսեն: Ես կնախընտրեին, որ իմ մասին խոսեն քիչ, բայց՝ լավը:
- Եթե տեսնեիր Աստծուն, ի՞նչ կասեիր:
-Շնորհակալություն կհայտնեի: Եթե հնարավոր լիներ, կդիպչեի նրան՝ ոտքին, ձեռքին: Եթե ինձ հաջողվեր տեսնել Աստծուն, դա կլիներ ամենավեհ բանը, որը ես զգացել եմ իմ կյանքում:
Բլից հարցեր
-Սիրած մարզաձևը:
-Լատինամերիկյան պարեր:
- Մարզիկը:
-Սուրեն Նալբանդյան:
- Սիրած Ֆիլմը:
-«Մայրիկ»:
-Սիրած դերասանը:
-Ռիչարդ Գիր:
- Երգիչը:
- Ուիթնի Հյուսթոն:
- Սիրած երգը:
- «Հայ աղջիկ»:
-Երաժշտական գործիք:
- Դաշնամուր:
-Ո՞ր երգն է ձեր կյանքի կարգախոսը:
- «We are the champions» (խմբ. «Queen»):
- Սիրած գիրքը:
- Աստվածաշունչը:
- Սիրած պատմական կերպարը:
- Ալեքսանդր Մակեդոնացի:
- Սիրած երկիրը:
- Ռուսաստան, Հայաստան:
- Քաղաքը:
- Մոսկվա:
- Հագուստային բրենդ:
- Սմոքինգ:
- Սիրելի ճաշատեսակը:
- Հայկական խոհանոցից:
- Ի՞նչ կենդանու ես քեզ նմանեցնում:
- Ասում են՝ սև առյուծի եմ նման:
- Սիրած կարգախոսը:
- Եկա, տեսա, հաղթեցի (Veni, Vidi, Vici):
- Թալիսմանը:
- Աստված:
- Արտահայտություն, որը հիշելիս ժպտում ես:
- Always welcome, wonderful (խնդրեմ, հրաշալի):