ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2015 թ. դեկտեմբերի 6-ին թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 9/16 տեղամասի դիտորդ Վարդգես Գասպարին թիվ 9/15 տեղամասում պարբերաբար ամղկել է, հայհոյել և իր վարքագծով խոչընդոտել տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքին, մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը։
Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի առաջին մասով։ Քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։