Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է թուրք-ռուսական լարված հարաբերություններին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը սխալ քայլերի է գնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

 

 

«Մեր համբերությունն անսահման չէ: Եթե մինչ օրս ձեր արածներին պատասխան չենք տալիս, ապա դա չի ենթադրում, որ վախենում ենք կամ մեղավորի հոգեբանություն ունենք: Տեղի ունեցավ մի դեպք, որը մեզ համար ցանկալի չէր: Սակայն Ռուսաստանն իրավացի չէ: Մեր օդային սահմանը խախտեց, սակայն դեռևս համբերատարություն ենք ցուցաբերում մեր հարաբերությունների նախկին վիճակին վերադառնալու համար»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

 

 

Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռի կողմից եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող եւ Թուրքիայի կողմից հովանավորվող թուրքմենական ջոկատի հրամանատարը գնդակահարել է կատապուլտվելով ինքնաթիռից դուրս նետված օդաչուներից մեկին: Գնդակոծության ժամանակ զոհվել է նաեւ մի ռուս զինծառայող այն խմբի կազմից, որն ուղարկվել էր օդաչուների որոնողական-փրկարար գործողություն անցկացնելու համար:

 

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունն անվանել է «ահաբեկիչների հանցակիցների կողմից ՌԴ թիկունքին հարված»: Նա նշել, որ Սու-24-ը չէր սպառնում Թուրքիային եւ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետեւանքներ է ունենալու Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների համար»: