Անցնող շաբաթը բավականին լարված էր ՀՀ ներքաղաքական կյանքում: ՀՀ Սահմանադրական փոփոխություններին վերաբերող հանրաքվեից հետո քաղաքական գործիչները տարատեսակ մեկնաբանություններով հանդես եկան: Դեկտեմբերի յոթին, մասնավորապես, պատգամավոր Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ շատ տեղամասերում տեսնելով իրենց պարտությունը, իշխանությունը գնում է կեղտոտ մեթոդների, հիվանդացնում է հանձնաժողովների ղեկավարներին, լույս են հանգցնում, մի քանի ժամ չեն բացում արկղը, հաշվում են, հետո տեսնում են՝ «ոչ»–ը հաղթում է, խառնում են, հրաժարվում են արձանագրել արդյունքները:
Վերջինս ներկայացրեց իրենց ունեցած տվյալները տարբեր տեղամասերից, որտեղ հաղթել է «ոչ»–ը։ Իսկ այն ընտրատեղամասերի արդյունքները, որտեղ հաղթել է «այո»–ն, «Ոչ»–ի ճակատը բողոքարկելու է։ Զուրաբյանը նշեց, որ «ճակատամարտը դեռ չի վերջացել». «Հայտարարում ենք այս նստաշրջանի աշխատանքի բոյկոտի մասին: Ստեղծված իրավիճակում չենք կարող նստել ձեզ հետ մի դահլիճում և սովորականի նման գործ անել»,- ԱԺ նիստի մեկնարկին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հանրաքվեի քվեարկության ընթացքի վերաբերյալ ներկայացրեց միջանկյալ հաշվետվություն:
Հաշվետվությունում, մասնավորապես, նշվում է.
««Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները դեկտեմբերի 6-ին հանրաքվեի քվեարկության գործընթացի դիտարկումն իրականացնելիս 07.00-16.00 ընթացքում հայտնաբերել են հետևյալ ընտրախախտումները.
Ընտրատեղամասի բացման գործընթացում արձանագրված 88 խախտում' ներառյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունների կարգի խախտումներ, քվեարկության պարագաների հետ կապված խնդիրներ, քարոզչական նյութերի առկայություն տեղամասում, ընտրատեղամասի սխալ կահավորում:
Գրանցվել է քվեարկության ընթացի շուրջ 400 ընտրախախտում, ներառյալ'
• Հանձնաժողովի անդամների՝ ըստ վիճակահանության 2-ժամյա պարբերականությամբ գործառույթների հերթափոխի խախտում կամ տևական բացակայություն տեղամասից' 18 դեպք
• Քվեարկության պարագաների դուրս բերում ընտրատեղամասից' 3 դեպք
• Քվեաթերթիկի դուրս հանում տեղամասից կամ ներս բերում' 4 դեպք
• Ընտրակաշառքի բաժանում / խոստումներ' 5 դեպք
• Քվեատուփի լցոնում' 9 դեպք
• Հայհոյանք /ճնշում/ահաբեկում/սպառնալիք/ֆիզիկական բռնություն որևէ մեկի նկատմամբ' 25 դեպք
• Բազմակի (ուրիշի փոխարեն) քվեարկություն կամ այդպիսի փորձ' 39 դեպք
• Ընտրողին օգնելու կարգի խախտում' 21 դեպք
• Քվեարկության գաղտնիության խախտում' 39 դեպք
• Ակնհայտ քարոզչություն կամ հակաքարոզչություն տեղամասում կամ հարակից տարածքում' 16 դեպք
• Ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս' 40 դեպք
• Ընտրողների խմբերի փոխադրում դեպի տեղամաս կամ տեղամասից տեղամաս'19 դեպք
• Մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասից 50 մետր շառավղով' 37 դեպք
• Ավելի քան15 ընտրողի միաժամանակյա ներկայություն տեղամասում' 52 դեպք
• Կողմնակի' վկայական չունեցող անձանց և/կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում' 36 դեպք
• Ընտրացուցակի դիտարկման խոչընդոտների հետ կապված խնդիրներ' 22 դեպք
Քվեարկության օրվա սկզբից մինչ 16.00-ն «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կազմում գործող դիտորդները և լրագրողները գտնվել են մշտական ճնշման տակ, գրանցվել են բռնության, ահաբեկման և կաշառք առաջարկելու փորձեր, հետևողականորեն սահմանափակվել են դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների, վստահված անձանց և հանձնաժողովի անդամների իրավունքները. արձանագրվել է նման շուրջ 82 դեպք:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներն ու լրագրողները, հակառակ գործադրվող ճնշումներին, շարունակում են հետևել ընտրությունների ընթացքին և ներկա կգտնվեն նաև ձայների հաշվարկին: Դեկտեմբերի 7-ին' 11.00-ին Մեդիա կենտրոնում կկայանա նախաձեռնության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը' ընտրությունների ընթացքի վերաբերյալ»:
«Մենք բոլորս ականատես եղանք՝ ինչպես հայ ժողովուրդը գնաց և քվեարկեց «ոչ» Սերժ Սարգսյանին, և ես դրա համար շնորհակալություն եմ հայտնում, որ նույնիսկ այն պարագայում, երբ համատարած...»,- Ազգային ժողովի նիստում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ում ընդհատեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Տիկին Փոստանջյան, Ձեզ խնդրում եմ խոսել բացառապես օրակարգի վերաբերյալ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում իր հերթին ասաց, որ ընդհանուր առմամբ սահմանադրական հանրաքվեն անցել է շատ բարձր, նորմալ մակարդակով:
Անդրադառնալով խախտումների մասին տեղեկություններին՝ Բաբայանն ասաց. «Դրանք խոսակցություններ ու բամբասանքներ են: Եթե եղել են խախտումներ, դիմեք իրավապահ մարմիններին: Ինձ համար կարևորը փաստերն են և ԿԸՀ-ի արձանագրած տվյալները՝ ըստ հանձնաժողովների»:
Ազգային Ժողովում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի ելույթին.
«Բոլորս հիշում ենք, որ դուք երիտասարդ, խոստումնալից քաղաքական գործիչ, քաղաքական շարժումների թոհուբոհում, թողեցիք, գնացիք ԱՄՆ, լավ արեցիք, որովհետև գնացիք սովորելու: Զուգահեռ մեր երիտասարդներին կոչ եք անում գնալ դասադուլների:
Փաստորեն, դուք գնաք սովորեք՝ Ձեր լավ կյանքի համար, իսկ Հայաստանում սովորող երիտասարդներին փորձեք օգտագործեք որպես թնդանոթային միս՝ հրապարակ բերելու և Ձեր քաղաքական ձեռնարկին երկրորդ կյանք տալու համար: Նրանց տանում եք հրապարակ, որ ձեզ ուժ տան, որովհետև վամպիրությունից բացի, այլոց էներգիան խմելուց ու վերցնելուց բացի, ուրիշ ոչ մի ռեսուրս չունեք ապագայի»,- ասաց Աշոտյանը և հավելեց, որ Փոստանջյանը մոտեցել է սկանդալային համբավ ունեցող տխրահռչակ «ֆեմեն» խմբին և Pussi Riot-ին, որ մտնում է վանք և սրբապղծություն է անում. «Մի՛ արեք, լուրջ կին եք, ինտելեկտ ունեք»,- հորդորեց Արմեն Աշոտյանը:
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը խոսեց հանրաքվեի խախտումներից:
«Ձեր աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ժողովրդին ներկայացնել այն խայտառակ իրականությունը, որը կատարվեց երեկ հանրաքվեի ժամանակ. ժողովուրդը հստակորեն «ոչ» է ասել այս իշխանություններին, բայց արդյունքները կեղծվեցին՝ անխնա կերպով կիրառելով ապօրինությունների ամբողջ զինանոցը, որին իշխանությունները տիրապետում են: Մենք այս նստաշրջանի հետագա աշխատանքները բոյկոտում ենք: Շատ դժվար է կատարվածից հետո նույն դահլիճում նստել, շփվել այդ մարդկանց հետ, ովքեր կատարված ոճրագործության համար կրում են պատասխանատվությունը»:
Գեներալ, Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը ևս պատասխանել է լրագրողների՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին վերաբերող մի շարք հարցերի:
Ըստ Սարոյանի՝ ընտրությունները նորմալ են անցել: Դիտարկմանը, թե Տիգրան Մուկուչյանն «այո»-ի օգտին թվեր է «նկարել», պատգամավորն արձագանքել է. «Հա՛, Մուկուչյանը Այվազովսկին էր, նստավ ու նկարեց»:
«Նոր Հայաստան»-ի անհնազանդության երթ կազմակերպեց՝շարժվելով դեպի ԿԸՀ, սակայն այստեղ կրկին հանդիպեց ոստիկանական պատնեշի:
***
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո ելույթի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը, ս.թ. դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների ամփոփումից հետո, ՀՀ Նախագահի նստավայրում այսօր երեկոյան հյուրընկալել է բազմաթիվ պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական գործիչների: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով, որի սկզբում առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանին պատուհասած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:
«Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Երեկ մենք միասին հատեցինք մի կարևոր եզրագիծ, որի առաջ կանգնած էինք վերջին երկու տարիների ընթացքում: Խոհեմության, հեռատեսության և հավատի լույսը ցրեց անորոշության, կասկածների ու մտահոգությունների մառախուղը: Երեկ մենք ընտրեցինք երկարաժամկետ ու կայուն զարգացման ճանապարհը, և դրա շնորհիվ հայկական պետականությունն այսօր արդեն թևակոխում է իր զարգացման հաջորդ փուլ:
«Ոչ»-ի կողմնակիցներից շատերն իրենք իրենց մասին որպես «ճակատ» էին խոսում: Ես փորձել եմ այս բառից որքան հնարավոր է խուսափել: Իմ խորին համոզմամբ, երկրի ներսում ճակատ ունենալու իրավունքը մենք չունենք: Հայ ժողովրդի պատմությունն ունեցած մի ազգի համար դա անթույլատրելի շռայլություն է: Ավելին, այս փոփոխությունների հիմնական նպատակներից մեկն էլ հենց այն էր, որ երկրի ներսում ճակատ-ճակատի դուրս գալու ու կռիվ տալու կարիքը չլինի:
Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ կառավարման խորհրդարանական համակարգը մեր պետության համար արդեն իրականություն է: Դա նշանակում է ուժեղ իշխանության և ուժեղ ընդդիմության առկայություն, քաղաքական կուսակցությունների դերի բարձրացում, դրանց զարգացման նոր հնարավորությունների ընձեռում: Դա նշանակում է նաև զարգացած կուսակցական համակարգ, որը ցանկացած ժողովրդավարական պետության կարևորագույն նախապայմաններից մեկն է: Անցումը խորհրդարանական համակարգին ժողովրդի համար կապահովի օրենսդիր և գործադիր իշխանությունների գործունեության առավել մեծ թափանցիկություն: Այսուհետ հստակեցվում է գործադիր իշխանության պատասխանատվությունը և բարձրանում է նրա հաշվետվողականությունը, իսկ դրա գործունեությունը խորհրդարանի և ժողովրդի համար դառնում է ավելի կանխատեսելի:
Ի վերջո, այս փոփոխությունները թույլ են տալիս ավելի վստահ լինել մեր պետության անվտանգության ապահովման հարցում: Զինված ուժերի ղեկավարումը և օպերատիվ կառավարումն ապահովող սահմանադրական լուծումները թույլ են տալիս արագ և արդյունավետ որոշումներ կայացնել թե՛ մեզ համար արդեն սովորական դարձած իրավիճակում, և թե՛ ճգնաժամային իրավիճակներում:
Շատ շատերիս հիմնական մտահոգություններից մեկը եղել է ազգային անվտանգության ու պաշտպանության խնդիրների վրա այս փոփոխությունների ազդեցությունը: Հավատացեք, որ այստեղ միլիմետրի ճշգրտությամբ ամեն ինչ հաշվարկել ենք: Հակառակ պարագայում՝ նվազագույն իսկ վտանգի դեպքում, ես ինքս կկասեցնեի այս գործընթացը:
Հարգելի՛ գործընկերներ,
Շատ կարևոր էր, որ քարոզարշավի ընթացքում «Այո» էին քարոզում ինչպես Հանրապետական կուսակցությունը, այդպես էլ խորհրդարանում ներկայացված Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, ինչպես նաև մի շարք այլ կուսակցություններ:
Այդ «Այո»-ն չէր նշանակում, որ մեր մեջ տարաձայնություններ, բանավեճեր և սուր քննարկումներ չեն եղել: Թե որքան ենք ունեցել, միայն մենք գիտենք: Այնուամենայնիվ, մենք մշտապես ուժ էինք գտնում մեր մեջ փոխզիջումների գնալու, փոխադարձ ընդունելի տարբերակներ մշակելու:
Վստահ եմ, որ համագործակցության այս շրջանակը շարունակելու է ընդլայնվել՝ հանուն մեր ազգային պետության, հանուն Հայաստանի Հանրապետության:
Այս բարեփոխումը շատ կարևոր ու նոր հանգրվան է Հայաստանի պետության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ճանապարհին: Արդիականացված մեր Սահմանադրությանը այժմ պետք է տանք նոր ուժ, նոր միս ու արյուն:
Մեր բռնած ճանապարհը դեռ ավարտված չէ: Ընդհակառակը, մենք այսօր, իսկ նոր ճանապարհի մեկնարկ ենք տալիս:
Սահմանադրության բարեփոխումը պետք է համարժեքորեն արտացոլվի Հայաստանի Հանրապետության ողջ իրավական համակարգի մեջ: Պետք է ընդունվեն մի շարք սահմանադրական օրենքներ, փոփոխություններ պետք է կատարվեն հարյուրավոր օրենքներում:
Այսօր ևեթ պետք է լցվենք աշխատանքի, որպեսզի պատրաստենք նոր Ընտրական օրենսգիրք: Այդ աշխատանքը պետք է ավարտած լինենք մինչև 2016թ. հունիսի 1-ը, որպեսզի 2017թ. խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ավելի բարձր վստահության մթնոլորտում, որպեսզի ընտրությունների արդյունքները կասկած չհարուցեն ինչպես կուսակցությունների, այնպես էլ մեր քաղաքացիների մոտ:
Մենք պատրաստ ենք ամենաբաց և ամենաընդգրկուն քննարկումների բոլոր հնարավոր ձևաչափերում, որպեսզի ի վերջո ընդունենք նոր՝ լավագույն Ընտրական օրենսգիրքը: Մենք պատրաստ ենք քննարկել թափանցիկություն ու վստահություն ապահովող ցանկացած մեխանիզմ: Հուսով եմ, որ մեր ընդդիմախոսները կընդունեն այս հրավերը և մեզ հետ հավասար կլծվեն այս կարևոր աշխատանքին:
Մենք մեր հերթին պատրաստ ենք աշխատել, որպեսզի նոր Ընտրական օրենսգիրքը համապատասխանի միջազգային լավագույն փորձին: Մենք քաջ գիտակցում ենք, որ առաջիկա ընտրությունների որակով է առավելապես պայմանավորված մեր պետության, մեր ժողովրդի վաղվա օրը: Ուստի և, աշխատելու ենք բաց և թափանցիկ, քանի որ ամենաթանկն ենք համարում վստահությունը և դրա ամրապնդումը:
Անկեղծ երկխոսությունը, երկրում հանրային կյանքի կարգավորման ոլորտում առկա խնդիրների լուծումը մեր երկրի զարգացման նախապայմաններն են:
Այսօր մեզ անհրաժեշտ է վստահություն ոչ միայն քաղաքական ուժերի միջև, այլև հանրության մեծ վստահություն քաղաքական ուժերի հանդեպ: Միայն այդ կերպ քաղաքական ուժերը կկարողանան կայանալ՝ որպես փոփոխություն իրականացնելու գործում հանրության լիազոր ներկայացուցիչներ:Ազգային ժողովը պետք է դառնա գաղափարական բանավեճերի, երկրի համար կարևորագույն լուծումներ գտնելու թիվ մեկ հարթակը:
Ընտրությունների արդյունքում չպետք է լինեն ամեն ինչ ստացողներ, և ամեն ինչ կորցնողներ:
Եվ այսօր, երբ մենք միասին կանգնած ենք նոր ճանապարհի սկզբին, ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս երկու տարիների ընթացքում իրենց ջանքերով և նվիրվածությամբ նպաստել են գործընթացին: Ես շնորհակալություն եմ հայտնում մասնագիտական հանձնաժողովի նախագահին, անդամներին իրենց բարձր պրոֆեսիոնալիզմի և սկզբունքայնության համար: Շնորհակալություն բոլոր այն քաղաքական ուժերի ղեկավարներին և ներկայացուցիչներին, այն անհատ քաղաքացիներին, ովքեր հավատացին ու սատարեցին այս նախաձեռնությանը: Շնորհակալություն հանրաքվեի գործընթացի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը մասնակցած բոլոր անձանց: Սա մեծ ու ընդգրկուն աշխատանք էր, որը մենք անցանք ուս ուսի:
Այս ընթացքում ես մեկ անգամ չեմ խոսել արդար և թափանցիկ հանրաքվե անցկացնելու կարևորության մասին: Մի բանում առավել քան վստահ եմ. իրավապահ մարմիններն ամեն ինչ արեցին, որ այս համապետական միջոցառումն անցնի բնականոն հունով: Այժմ արդեն իրավասու մարմինները պետք է պատշաճ ընթացակարգերի շրջանակներում օրենքի տառին և ոգուն համապատասխան գնահատականներ տան խախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերին: Սա իսկապես կարևոր է վաղվա համար:
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր արդեն մենք շատ ավելի պատրաստ ենք արդյունավետ պետության կայացման ճանապարհի հաջորդ քայլերն իրապես ամուր դնելու համար: Վստահ եմ, որ կարողանալու ենք արդեն քառորդդարյա պետականության փորձով իմաստնացած՝ տարբերակել մնայունը անցողիկից, կարևորը՝ երկրորդականից: Եվ, ամենակարևորը, վստահ եմ, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ թերևս առաջին անգամ կարողանալու ենք իշխանությունը դարձնել ոչ թե ունակ ուժերն իրարից բաժանելու, այլ դրանք իրար միացնելու գործոն: Պետության ամրությունը պայմանավորված է ոչ թե սոսկ իշխանությունների մտադրություններով, անկեղծ ցանկություններով ու խոստումներով, այլ դրանք իրականություն դարձնելու կայուն համակարգի գոյությամբ: Մենք գործուն և տրամաբանական համակարգի կայացման առաջին, բայց կարևոր քայլն արդեն արեցինք: Մյուս բոլոր քայլերն էլ ենք միասին անելու ու միասին ենք մեր սերունդներին թողնելու արդյունավետ պետություն:
Շնորհակալություն բոլորին դրա համար»:
ՀԱԿ, ՀԺԿ և «Նոր Հայաստան» շարժման համատեղ երթ կազմակերպեցին:
«Իրականում այս հանրաքվեին մասնակցել է 800 000 մարդ, որից 600 000-ը քվեարկել է «ոչ»»,- այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Լևոն Զուրաբյանը:
«Երբ բացվեցին քվեատուփերն, իշխանությունները սփրթնեցին. մեկի հետ ինֆարկտ է կատարվում, մյուսի փորն է սկսում ցավալ: Իրականում այս հանրաքվեին մասնակցել է 800 հազար մարդ, որոնցից 600 հազարը քվեարկել են «ոչ», 200 հազարը՝ այո»,- ասաց նա:
«Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն անցավ զանգվածային խախտումներով։ Գործի դրվեց կեղծիքների ողջ զինանոցը, հանրաքվեն ցույց տվեց, որ այս իշխանությունը և արդար ընտրությունները անհամատեղելի են»,- Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
«Մեր ոգին, մեր դուխը մեր գործից պետք է երևա: Մենք միասին կազմելու ենք Նոր Հայաստանի սահմանադրական իշխանությունը: Եթե այսօր «Ոչ»-ի շտաբը կորոշի երթ կազմակերպել, մենք կողք-կողքի կմասնակցենք միացյալ երթին»,- Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը և դիմելով Սերժ Սարգսյանին՝ կոչ արեց նրան հրաժարական տալ:
«Չենք անցկացնի» նախաձեռնության ներկայացուցիչ Արշակ Մուսախանյանն Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց, որ ակնհայտորեն «ոչ»-ը հաղթել է:
Նրա գնահատմամբ՝ այլևս որևէ բան մեր քաղաքացիներին չի վախեցնում, չի ընկճում, և մեր քաղաքացիները քվեարկում են այնպես՝ ինչպես ուզում են:
Ելույթով հանդես եկավ Արամ Մանուկյանը, վերջինս նշեց, որ Հայաստանի ժողովուրդը ցույց տվեց, որ ոչ մի արգելք, սպառնալիք, կաշառք ու խոչընդոտ, ոչ մի ահաբեկում իր կամքի վրա ազդել չի կարող:
«Այս հաղթանակը մնալու է Սերժ Սարգսյանի կոկորդին, հարամելու ենք: Ապրեք, որ այսպես նամուսով կանգնել եք, անկոտրում պահել ձեր ձայները, շնորհակալ եմ ժողովուրդ, ապրեք»,- ասաց Մանուկյանը:
Կային քաղաքներ, որտեղ «Ոչ»-ն ավելի շատ ձայներ էր հավաքել, քան «Այո»-ն, եթե կեղծելու լինեին, դա էլ կկեղծեին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Վերջինս նշեց, որ հանրաքվեն անցել է «ազնիվ ու անաչառ», իսկ դիտարկմանը, որ անգամ ԵԽԽՎ-ն է խոսել խախտումների մասին, Երիցյանն ասաց. «Այդ հարցերով կզբաղվեն իրավապահները»:
ՀՀ վարչապետը ևս լրագրողների հետ զրույցում անդրադաձավ դեկտեմբերի 6-ի հանրաքվեին. «Ունենք այն, ինչ ունենք, եթե կան դժգոհություններ, թող դիմեն պատկան մարմիններին»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրակեղծիքների կադրերը մոնտաժված էին։
Խոսելով Սերժ Սարգսյանի՝ առաջիկայում վարչապետ դառնալու մասին, Աբրահամյանն ասաց. «Երբեք մի ասա՝ երբեք»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը շատ գոհ է հանրաքվեի արդյունքներից և երեկ էլ Բաղրամյան 26-ում մասնակցել է Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված հանդիպմանը: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ պատգամավորը:
Հարցին, թե ինչ նպատակ ուներ հանդիպումը, քանի որ հանրաքվեի վերջնական արդյունքներն ամփոփված չեն, Սարոյանը նշեց. «Լավ էլ ամփոփված ա, սաղս էլ գիտենք, թվերն էլ կա, ամեն ինչը կա: Ի՞նչը ամփոփված չէր»:
Դիտարկմանը, թե ԵԽԽՎ պատվիրակները խախտումներ են արձանագրել, պատգամավորը պատասխանեց, որ ընտրական գործընթաց է, ամեն ինչ էլ հնարավոր է:
Ինչ վերաբերում է այն բանին, թե Սեյրան Սարոյանը Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում տեսնո՞ւմ է, պատգամավորը նշեց. «Ամեն տեղ էլ տեսնում եմ, եթե ինձ եք հարցնում, ամեն տեղ էլ տեսնում եմ»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն դիտարկմանը, թե ընտրակեղծարարություններ եթե եղել են, դրանք արջի ծառայություններ են: ԱԺ նախագահը նշեց. «Դա երևի ՀԱԿ-ի հրահանգով է արվել, որպեսզի այսօր կարողանան ինչ-որ ձևով ընդդիմադիր կեցվածքն ապահովել»:
Հարցին, թե վարչապետի պաշտոնում ո՞ւմ է տեսնում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մեզ մոտ այնքան շատ վարչապետներ կան, այս պահին չի էլ քննարկվում»:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին արձագանքեց նաև ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակը:
2rd.am –Պարոն Սողոմոնյան, ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունների անցած հանրաքվեի ընթացքում արձանագրվեցին բազմաթիվ կոպիտ խախտումներ, այդ թվում՝ քվեաթերթիկների լցոնումներ, ընտրակաշառքի համատարած բաժանում, մասսայական «կարուսելներ», անվերահսկելի քվեարկություն լրացուցիչ ցուցակներով և այլն։ Ի՞նչ եք կարծում, այդ ամենը ի՞նչ հետևանքներ կունենա ներքաղաքական իրավիճակի և ընդհանուր առմամբ' մեր երկրի ապագայի համար։
Վ.Սողոմոնյան – Դեկտեմբերի 6-ի ամբողջ օրը մենք ուշադրությամբ հետևել ենք քվեարկության ընթացքին, իսկ այնուհետ՝ ձայների հաշվարկին ու արդյունքների հրապարակմանը: Տեղի ունեցածը դժվար թե կարելի է անվանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի կամարտահայտում: Տարբեր քաղաքական կուսակցությունների, հասարակական շարժումների, դիտորդների և լրատվամիջոցների կողմից արձանագրված կոպիտ խախտումների համատարած բնույթը հասարակական ընկալման մեջ հանրաքվեի արդյունքները զրկում է լեգիտիմությունից: Այդպիսի ընկալման հետևանքները հղի են երկրի ապագայի համար բազմաթիվ վտանգներով:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո «Նոր Հայաստան» շարժման անդամները, ի դեմս «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, պահանջում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը, քանի որ բանակն օգտագորվել է «այո» ձայներ ստանալու համար:
Լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջին և ասաց. «Լավ կլիներ Րաֆֆին որպես քաղաքական գործիչ այլ բաներով զբաղվեր: Ես չգիտեմ, թե ինչ նպատակներ ինքն ունի: Հրաժարական պահանջել յուրաքանչյուր ոք կարող է: Ես չեմ կարող հրաժարվել հայրենիքին ծառայելուց»:
«Է՞ս ա իրա գրած Սահմանադրությունը». Ըստ Բագրատյանի՝ նոր Սահմանադրությունում մի շարք «լյապեր» կան: Ազգային ժողովի նիստում իր կարծիքը հայտնեց Բագրատյանն ու մեջբերեց նոր Սահմանադրության 60-րդ հոդվածը, այն է՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
2. Ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:
3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով' հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով' օրենքով սահմանված դեպքերի», և առանձնացրեց հատկապես «բացառությամբ դատական կարգով' օրենքով սահմանված դեպքերի» արտահայտությունը:
«Բա Գագիկ Հարությունյանն ասում էր վերջապես պիտի մարդու իրավունքները գործեն: Է՞ս ա իրա գրած Սահմանադրությունը»,-վրդովվեց Բագրատյանը:
«Ի՞նչ գործ ունի նման Սահմանադրությունից հետո նման օրենք հայտնվի: Գնացեք դատարան, թող դատարանը որոշի, փողը վերցրեք: Բա խի՞ եք սա գրում Սահմանադրությունում»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորը դժգոհություն հայտնեց Սահմանադրությունում տեղ գտած «լյապերից». «Երեկ մի «լյապ» էլ անցկացրինք պաշտպանության հետ կապված. էն երեխեն, որ հայ առաքելական ա, պիտի գնա առաջին գիծ՝ ծառայի, ով այլադավան ա՝ կարա չգնա առաջին գիծ ծառայի, որովհետև կարա ասի՝ զենք չեմ ուզում կրեմ: Շուտով՝ 1-2 տարուց հետո, Հայ առաքելական եկեղեցին հետևորդ չի ունենա: Այ սենց «լյապեր» կան Սահմանադրության մեջ, և էս Սահմանադրությունը դրինք ընդունինք»:
Կեղծարարությունը, հանցագործությունները շարունակվում են: Այն, ինչն տեսել եք դեկտեմբերի 6-ին, ավելի վատը կատարվում է հիմա օկրուգային հանձնաժողովներում, կենտրոնական հանձնաժողովներում, այլ պետական մարմիններում: Այս մասին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված երթից առաջ Ազատության հրապարակում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Հիմա փորձում են իրենց կեղտը լվալ, փորձում են այն այլանդակությունները, որոնք տեղի ունեցան ամսի 6-ին, փորձում են մաքրել: Էն լցոնումները, էն ուրիշի փոխարեն քվեարկելը, բոլոր խախտումները պետք է մաքրել: Մենք ուրիշ ճար չունենք, բացի պայքարելը, մենք ուրիշ ճանապարհ չունենք: Ոչ մի ղեկավար, թագավոր, խան երբեք իր ժողովրդի իրավունքները չի պաշտպանում: Աշխարհում կա միայն իրավունք, որը վաստակվում է: Աշխարհում կա քաղաքակրթություն, որ հասարակությունը պայքարում է: Երբեք չմտածեք, որ ինչքան էլ մեր երկիրը կործանվի, մեկա սրանց խփելն ա փրկելու»,- ասաց պատգամավորը:
Արամ Մանուկյանի կարծիքով՝ միակ ճանապարհը պայքարելն է. «Աշխարհն արդեն շուրջ 50 տարի այս օրը նշում է որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Ես բոլորիդ վստահության, հույսի, պայքարի շարունակության էներգիա եմ ուզում տալ և նույնն ուզում եմ ստանալ ձեզնից: Մենք այսօր նշում ենք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության օրը՝ այն դեպքում, երբ ոտնահարված է, բռնաբարված է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, բայց դա չի նշանակում, որ պետք է մեկ վայրկյան հետ քաշվենք պայքարից»:
Մանուկյանը ևս մեկ անգամ շնորհավորեց բոլորին և նշեց, որ իրենք պաշտպանելու են անխտիր բոլորի իրավունքները. «Շարունակելու ենք միասին պաշտպանել մեր իրավունքները և բոլոր այն մարդկանց իրավունքերը, ովքեր անգամ այստեղ չեն: Անգամ այն հանցագործների իրավունքները, վերջին խոսքի իրավունքը, որոնք իրականացնում են էս հանցագործությունը մեր երկրում: Մեկ է՝ պատասխանելու են: Երկու ձև կա պատախանատվության՝ ժամանակը և արդարությունը, էլ չեմ ասում, որ Աստված պատժի, թող Աստված էլ իր բաժինը տա: Թող ինչ արել են էս ժողովրդի գլխին, իրանց երեխեքի գլխին գա, որովհետև իր ժողովրդի գլխին այսպիսի անեծք սարքել, այսպիսի այլանդակություն սարքել չի կարելի»,- եզրափակեց Արամ Մանուկյանը:
Մենք սերտորեն համագործակցում ենք ՀԱԿ-ի հետ: Բոլոր գործողությունները համադրում ենք և միմյանց համալրում ենք: Այս պահին ևս հաշվարկ է տեղի ունենում մեկ ընտրատեղամասում: Կհրապարակենք, մեր բոլոր գործողությունների մասին տեղյակ կլինեք: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ լրագրողներին վստահեցրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Չորրորդ ընտրատարածքի բոլոր այն տեղամասերում, որտեղ բավականին մեծ քանակությամբ «Ոչ»-ը հաղթել է, այդտեղ Հանրապետական կուսակցությունից որևէ մեկը հատուկ կարծիք չի գրել, չի դժգոհել, բայց հաջորդ օրը նրանք այն տեղամասերում, որտեղ «Ոչ»-ը հաղթել է, ներկայացրել են վերահաշվարկի դիմումներ: Ինչո՞ւ, որպեսզի հասցնեն բոլոր այն խայտառակ տեղամասերում, որտեղ իրենք նկարել են, փոխեն քվեաթերթիկները, որպեսզի բացելուց հետո հնարավոր չլինի պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Բոլոր այն տեղամասերում, որտեղ «Ոչ»-ը հաղթել էր, բացեցին, իբրև թե վերահաշվարկ են անում, «Ոչ»-ը նույնությամբ մնաց, որպեսզի չհասցնեն գալ այն խայտառակ տեղամասերին, որտեղ մենք ենք դիմում ներկայացրել: Պարկերը փոխել են, այս 25 տարվա փորձարարությունը, որը ձեռք են բերել, կիրառվել է: Հիմա, եթե իշխանությունը սթափ է գնահատում իրավիճակը, ապա մի քանի քրեական գործ հարուցելով՝ կարելի է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց:
Ըստ պատգամավորի՝ կեղծիքները տեղի են ունեցել պետական մակարդակով և հիմնական կեղծարարը Սերժ Սարգսյանն է:
«Եթե փողոցում ես կարող եմ արձանագրել, որ փողոցում քաղաքացիական հագուստով անձը բաժանում է 9-րդ ձևերը, ոստիկանության տրամադրած, այսինքն՝ պետական մարմնի կողմից տրամադրված փաստաթուղթ է բաժանում, սա նշանակում է, որ պետական մակարդակով տեղի են ունեցել կեղծիքներ, որին մասնակից են եղել իրավապահ մարմինները: Այս իրավապահ մարմինների ներքո էլ պետք է տրվի գնահատական: Իրավական պաշտպանության միջոցները ՀՀ-ում արդյունավետ չեն, ես չեմ մերժում այդ միջոցները, բայց զուգահեռ պետք է լինեն անհնազանդություններ»,- նկատեց Փոստանջյանը:
Շատ կուսակցություններ այսօր իրենց թիրախն են դարձրել ՀՅԴ-ին, բայց հանրաքվեն կայացել է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Վարդանյանը չի ժխտում, որ ընտրակեղծիքներ եղել են, բայց խորհուրդ է տալիս դատել փաստերով:
Նա նշեց, որ ունեցել են ահազանգեր, թե անօրինականություններ են եղել և այդ ընտրատեղամասերում ՀՅԴ վստահված անձինք են իրավիճակը շտկել:
Թեև մենք բոյկոտել ենք Ազգային ժողովի աշխատանքերը, սակայն այս բրիֆինգը կարևոր էր այս օրերին մեր տեսակետը ժողովրդին հասցնելու համար: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Պատգամավորն ասաց, որ ինքն այսօր հանրաքվեի՝ վերլուծաբանների կողմից արված վիճակագրությունն է ներկայացրել, ըստ որոնց միայն մասնակցության վերաբերյալ պարզվել է, որ կեղծվել է 485 հազար ընտրողի մասնակցություն:
Լևոն Զուրաբյանի խոսքով՝ վիճակագրությունը մի բան է, որը ոչ մի Տիգրան Մուկուչյան, ոչ մի ընտրակեղծարար չի կարող խաբել:
Մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է, մաթեմատիկային չի հաջողվի խաբել»,- ասաց Զուրաբյանը:
ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ընտրվեց «Լուսավոր Հայաստան» նորաստեղծ կուսակցության խորհրդի նախագահ: Համաձայն կուսակցության կանոնադրության' խորհրդի նախագահը ստանձնում է կուսակցության ղեկավարի պաշտոնը: Դեկտեմբերի 12-ին կայացավ կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ ընտրվեցին կուսակցության խորհրդի, Վերահսկիչ հանձնաժողովների անդամները, հաստատվեց կուսակցության ծրագիրը: Նորաստեղծ կուսակցության խորհրդի կազմում են «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը, Մանե Թանդիլյանը, lragir.am լրատվական կայքի վերլուծաբան Հայկ Կոնջորյանը, լրագրող Անի Սամսոնյանը և այլք:
Նորաստեղծ կուսակցության ղեկավարը շնորհակալություն հայտնեց վստահության համար' ներկաներին կոչ անելով այսօրվանից տարածել ու բազմապատկել այն տեսլականը, որ ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:
Էդմոն Մարուքյանը միջոցառման ավարտին պատասխանեց լրագրողներին հուզող հարցերին: Մասնավորապես, նա հայտնեց, որ գործելու են որպես ընդդիմադիր քաղաքական ուժ: «Այն, որ կուսակցությունը ընդդիմադիր քաղաքական միավորում է, դա դասական քաղաքականության կանոն է»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորը հայտնեց, որ իրենց չեն սատարում հայտնի օլիգարխներ, և նմանատիպ խոսակցությունները բամբասանք են:
Հարցին ի պատասխան, թե արդյոք 2017 թվականին խորհրդարանական ընտրություններին մասնակցելիս հնարավոր է միավորվեն այլ քաղաքական ուժերի հետ, Էդմոն Մարուքյանը նշեց. «Միավորում գաղափարական հենքի վրա հնարավոր է: Կան ուժեր, որոնք խոսում են եվրոպական ինտեգրացիայի մասին, կարծում եմ' այդ համագործակցությունը նոր է սկսվելու: Այս պահին վաղ է նշել այլ քաղաքական ուժի մասին, որի հետ հնարավոր է համագործակցություն»: Դրանով նա բացատրեց նաև հանգամանքը, որ համագումարին չեն հրավիրվել այլ կուսակցությունների ներկայացուցիչներ:
Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ մարդ-կուսակցության դառնալու հավակնություն չունի «Լուսավոր Հայաստան»-ը:
Դեկտեմբերի 13-ին ԿԸՀ-ն որոշում ընդունեց. «Դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունված է»:
ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կազմել է արձանագրություն' 2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ' հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկների արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները:
Հաշվի առնելով վերոհիշյալ արձանագրությունը, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները' հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն ամփոփել է դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքները և ընդունել որոշում, համաձայն որի. «2015թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունված է»:
***
Ինչ վերաբերում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակին, պետք է նշել, որ ըստ ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, դեկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանե տերից, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 15 հազար կրակոց: Նշված ժամանակահատվածում հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ:
Դեկտեմբերի 8-ին, կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ, ադրբեջանական զինուժը տանկից արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:
Հաշվի առնելով ստեղծված իրադրությունը՝ ՊԲ առաջապահ զորամասերը պատժիչ գործողություններ են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար և ոչնչացրել ադրբեջանական զինուժի՝ առաջնագծին մոտ տեղակայված ռազմական մի քանի կարևոր օբյեկտներ:
Նելլի Ալեքսանյան