ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասաց, որ տպավորություն է՝ պատգամավորներն ուզում են արագ-արագ օրակարգը սպառել: Արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը.

 

«Այն ժամանակ, երբ մեր գործընկերը՝ իր «Նոր Հայաստանով» հանդերձ ուղևորություն էր գնացել մարզեր, այստեղ պատգամավորներն օրեր շարունակ քրտաջան աշխատել են, չի կարելի պատգամավորներին այստեղ քննադատել: Մնայիք դահլիճում, պատգամավորների հետ համատեղ աշխատեիք, կտեսնեիք, որ առավոտյան ժամը 11:00-18:30 ինչ մանրակրկիտ են աշխատել այս դահլիճում»,- փոխանցմամբ' ասաց Շարմազանովը:

 

ԱԺ փոխխոսնակը, արձագանքնելով պատգամավորի մեկ այլ դիտարկման, թե ԱԺ դահլիճում դատարկություն է, ասաց, որ ԱԺ դահլիճում դատարկություն չկա: «Միգուցե ձեր շարքերում դատարկություն կա, բայց այս դահլիճում ես դատարկություն չեմ տեսնում, այդ թվում նաև' մարդկային դատարկություն: Այս դահլիճում կան լուրջ, ազգընտիր գործիչներ՝ տարբեր քաղաքական կուսակցություններից և պետք չի վիրավորել ձեր գործընկերներին»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը և հավելեց՝ Հայաստանում իշխանափոխությունը միայն պետք է լինի ընտրությունների միջոցով:

 

«Չի կարելի թիվ մեկ քաղաքական ամբիոնը սարքել ձանձրալի ամբիոն: Դուք ձանձրացնում եք ոչ միայն մեզ, այն նաև  նրանց, ովքեր ձեզ տեսնում են: Եվ վերջինը՝ չի կարելի մարդկանդ անուններ բարձրաձայնել: Ինչ վերաբերում է ձեր միտինգին, ես ձեզ կհորդորեի, որ էլ միտինգ չանեք, որովհետև այստեղ ձեր ելույթն ավելի շատ մարդ լսեց, քան Օպերայի հրապարակում, որտեղ հավաքվում եք»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը: