Ադրբեջանի պետական արժույթի՝ մանաթի լողացող արժույթի անցումը և դրա հետևանքով մանաթի դեվալվացիայի պատճառով երկրի տնտեսությունն աստիճանաբար կաթվածահար է լինում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, երկրի խոշորագույն էլեկտրոնիկայի խանութների ցանցերը փակվել են:
Աշխատակիցները նշել են, որ դա պայմանավորված է ապրանքները վերագնահատելու անհրաժեշտությամբ: Հաղորդվում է, որ որոշ խանութներում ապրանքների գները զգալիորեն արդեն աճել են:
Որոշ վայրերում ժամանակավորապես դադարեցվել է մեծածախ առևտուրը:
Ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց՝ Trend-ը, գրում է, որ ադրբեջանական բանկերը սահմանափակել են բանկային գործարքները: Մասնավորապես, խոսքը դրամական փոխանցումների մասին է:
Ադրբեջանի Կենտրոնական բանկը հայտարարել է դեկտեմբերի 21-ից ազգային արժույթի՝ մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին: Կենտրոնական բանկը նման որոշումը պայմանավորել է արտաքին առևտրաշրջանառության մեջ դրական սալդոյի, ինչպես նաև այլ աղբյուրներից փոխարժեքային փոխանցումների կտրուկ նվազեցմամբ: ԿԲ հայտարարության մեջ նշվում է, որ արտաքին բացասական ազդակներով պայմանավորված, այդ թվում և նավթի գնի անկումը, անհրաժեշտություն են առաջացրել մանաթի փոխարժեքը հարմարեցնել նավթի նոր գներին: «Հաշվի առնելով տնտեսական արտաքին ցնցումների երկարաժամկետ բնույթը և ձգտելով պահպանել երկրի արժութային պաշարներն ու ազգային տնտեսության միջազգային մրցունակությունը՝ դեկտեմբերի 21-ից անցում է կատարվում ազգային արժույթ մանաթի լողացող փոխարժեքի»,- հայտնել է Կենտրոնական բանկը: