Որոշ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ օրերս Վանաձորի ավագանու նիստի օրակարգում ներառվել էր«Վանաձորի քաղաքային համայնքի՝ 2016 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշումը, որով Վանաձորի քաղաքապետի նախաձեռնությամբ կրկին քննարկման էր դրվել Վանաձոր քաղաքում վճարովի ավտոկայանատեղիներ սահմանելու հարցը։  Ինչպես հայտնի էր դարձել, այս որոշմանը դեմ են հանդես եկել Վանաձորի որոշ ավագանիներ՝ համարելով այն մեծամասամբ անապահով բնակչությամբ քաղաքի համար սոցիալական տեսանկյունից խոցելի նախագիծ: Դրանով առաջարկվում էր 100 դրամ վարձավճար սահմանել Վանաձորում ավտոկայանատեղիների համար, այն դեպքում, երբ ավտոկայանատեղիները մինչ այդ անվճար են եղել։ Այսքանը բավարար չէր, դեռ մի բան էլ քաղաքապետարանը նախատեսում էր նաև 30 տոկոսով ավելացնել աղբահանության վարձավճարը։

 

 

Ինչի՞ մասին կարող է այս ամենը վկայել: Վկայել կարող է ընդամենը մեկ բանի մասին՝ հասարակ բնակչության կեղեքման մոլուցքով տառապում են համահանրապետական բոլոր տրամաչափի չինովնիկները, որոնք, ամոթ-աբուռ կորցրած,հիմա էլ մանր «ժուլիկությամբ» են ուզում զբաղվել: Իսկ էլ ինչպե՞ս կարելի է անվանել այն երևույթը, երբ սոցիալապես ամենախոցելիների թվում դասվող քաղաքում տեղական իշխանությունները իրենց թույլ են տալիս մոգոնել թալանի նոր միջոցներ՝ մարդկանց կանգնեցնելով փաստի առաջ: Իբր Երևանի կարմիր գծերից շատ գոհ էինք,հիմա էլ ստիպված ենք լինելու հանդուրժել վանաձորյան չինովնիկների քմահաճույքները,որոնք ամանորի շեմին որոշել են մտնել ժողովրդի դատարկ գրպաններն ու հարստահարել մարդկանց:

 

 

Մնում է հուսալ,որ այս խայտառակությունը հետագա զարգացում չի ստանա, ու մարդիկ էլ, որ օրվա հացի խնդիր ունեն լուծելու, ստիպված չեն լինի կանգնել փաստի առաջ՝չիմանալով,ասենք, գնել նոր մեքենա,թե ծախել հինը, քանի որ ստիպված են լինելու հավելյալ գումարներ վճարել ավտոկայանատեղի համար:

 

 

Դավիթ Բաբանով