Թուրք լրագրողուհի Ամբերին Զամանը «Թարաֆ» թերթին պատմել է Երևանի մասին, որտեղ բնակվել է 3 տարի։
«Կանայք վայելչությամբ չեն զիջում որևէ մեկին, գիշերային կյանքը հիասքանչ է՝ ջազ էլ կարող ես լսել, «Լորկե» էլ։ Չերչիլի՝ ջրի փոխարեն խմած հայկական կոնյակը, Այվազովսկու կտավները...»,-գրել է Զամանը։
Հայերի և թուրքերի նմանությունները, Հայաստանում ապրած թուրք կնոջ զգացած ամոթը, ցավը, հույսն ու երազանքները, ինչպես նաև զբոսաշրջիկներին ուղղված խորհուրդները ներկայացնում ենք ամբողջությամբ։
Մարդիկ ջերմ են և հպարտ
Հայերը վերին աստիճանի հպարտ, ճիշտ այդքան էլ քաղաքավարի և բազմակողմանի մարդիկ են։ Միևնույն ժամանակ շատ ջերմ են։ Էմբարգո, չքավորություն, չնայած բազմաթիվ բացասական հետևանքներին՝ կանգուն են՝ շիփ-շիտակ։ Հնարավոր չէ չխոսել հայ աղջիկների գեղեցկության մասին. շատ խնամված են։ Ամենացուրտ, սառույցոտ եղանակներին անգամ նորաոճ են, բարձրակրունկ կոշիկներով, մազերը հարդարված են, աչքերը՝ սուրմայով։
Սնունդը
Ինչպես ամեն երկրում՝ ամենահամեղ ճաշը տներում է լինում։ Տոլմաները, Անատոլիական խոհանոցի՝Թուրքիայում այլևս չհանդիպող համերը կարելի է գտնել այստեղ։ Փողոցներում շաուրմա և լահմաջուն էլ կա, սուջուխ և բաստուրմա էլ։ Ծիրանի, թզի, սալորի չրերը շատ համեղ են։ Սակայն Հայաստանում ամենահաճույքովը խորոված են պատրաստում՝ մսով կամ ձկով։ Ձկների արքան էլ իշխանն է։
Գիշերային կյանքը. «Լորկե»
Գիշերային կյանքը շատ աշխույժ է։ Սակայն մաֆիայի կողմից վերահսկվող խաղատներից հեռո՛ւ մնացեք. երբ չափից ավելի են ալկոհոլ օգտագործում, տհաճ միջադեպեր են տեղի ունենում։ Եթե ջազ եք սիրում, հայտնի ջազմեն-դաշնակահար Մալխասի ակումբը գնացեք։ Եթե իր նվագած երեկոյին հաջողվի ներկա գտնվել, երբեք չեք մոռանա այն։
Ջիվան Գասպարյանի, Սուրեն Ասատրյանի նման աշխարհահռչակ երաժիշտներ ունեն։ Գիշերներում «Լորկե-լորկե»-ի հայկական տարբերակն էլ կկարողանաք լսել, և շուրջպարը տեսնելով՝ դուք ձեզ Դիարբեքիրում կզգաք։
Անպայման տեսնել է պետք. հրաշալի պատկերներ
Այն վայրերի ցանկում, որն անպայման պետք է տեսնել, Մատենադարանն է, որտեղ մոտ 17.000 ձեռագիր է պահվում, հայտնի ռեժիսոր Փարաջանովի թանգարանը և Հանրապետության հրապարակում գտնվող Ազգային թանգարանը։
Այստեղ Օսմանյան ժամանակաշրջանի նկարիչներից Այվազովսկու մի շարք նկարներ կտեսնեք։ Կտեսնեք նաև Սուրենյանցի՝ արևելյան թեմաներով նկարները, ում անունն անգամ գուցե չեք լսել։
Հայաստանի Վատիկանը
Հայերի Վատիկանը՝ Էջմիածինը, քաղաքից կես ժամ է հեռու։ Եկեղեցին հայկական մշակույթի ամենակարևոր հիմնասյունն է։ Անպայման գնացեք։ Սակայն առանց Հայոց ցեղասպանության հուշարձանին և թանգարան-համալիր այցելելու, հայերի հոգուն չեք կարողանա հասնել։ Նկարագրելը հնարավոր չէ, սակայն հնարավոր է զգալ։ Անտառներով շրջապատված այս վայրը քաղաքի հազվագյուտ կանաչ վայրերից է։
Եթե նամազ եք անելու, Մաշտոցի պողոտայում՝ իրանցիների ժամանակաշրջանից մնացած մզկիթ կարող եք գնալ։
Վարդագույնին մոտ քարերով կառուցված Հանրապետության հրապարակը քաղաքի ամենագեղեցիկ ճարտարապետական կառույցներից մեկն է։ Ամենասիրածս վայրն էլ Կասկադ կոչվող մշակութային համալիրն էր։
Տրանսպորտ. տաքսին էժան է
Երևանի մեջ տրանսպորտի հարցը հեշտ է։ Շատ տաքսիներ կան և բավական էժան։ Ավտոբուսներ ու մետրո էլ կա։ Այն վայրերը, որոնք կցանկանաք տեսնել, միմյանց շատ մոտ են։ Ի դեպ, Երևան երբեք մի գնացեք դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին՝ գոնե որպես զբոսաշրջիկ։ Քաղաքը շատ ցուրտ և մոխրագույն է դառնում։ Ամենալավ շրջանը գարունն է։
Առևտուր. կոնյակը չմոռանաք
Առևտուր անելու համար շաբաթ-կիրակի օրերին բացվող Վերնիսաժ գնացեք. այստեղ անատոլիական գորգեր, ընկույզի փայտից պատրաստված արվեստի գործեր կգտնեք, սեղանի ծածկոցներ, արծաթե զարդեր և այլն։ Ձեր շրջապատում շատերը թուրքերեն հասկանում են։
Կարծում եմ՝ կարիք չկա ներկայացնել հայկական կոնյակը, որը Չերչիլը ջրի տեղ էր խմում։
Ավելի հարմար է այն օդանավակայանից առնելը։ Խորհուրդ կտամ 20 դոլար արժեքով «Նայիրի»-ն, սակայն ավելի թանկարժեք «Աղթամարն»- ու «Արարատ»-ն ավելի հաճելի է խմվում։
Կին-տղամարդ հարաբերությունները
Հայաստանում հայրիշխանություն է։ Օրինակ՝ տղա երեխա ունենալը կարգավիճակի հարց է։ Ցավոք, կանանց դեմ բռնության դեպքերը շատ են, ինչպես Թուրքիայում։ Միասեռականների հանդեպ ևս հանդուրժողականություն չկա։ Մայիսին միասեռականների ակումբի վրա իրականացված հարձակումը սեռական փոքրամասնությունների վախի մեջ էր պահում։
Փոխադրումները. շաբաթը երկու անգամ
Ստամբուլ-Երևան չվերթերը շաբաթը երկու անգամ են տեղի ունենում։ Ցավոք, գիշերն ուշ ժամի են, և ուղևորները քնում են ինքնաթիռում, և, ցավոք, «Թուրքական ավիաուղիներ»-ը քաղաքական դրդապատճառներով դեռևս թռիչքներ չի իրականացնում։
Թուրքեր. նախապաշարմունքները հալչում են
Չնայած սահմանի փակ լինելուն, Խորհրդային Միության փլուզումից հետո Թուրքիա աշխատելու եկածների, հազարավոր առևտրականների շնորհիվ թուրքերի հանդեպ նախապաշարմունքները սկսել են հալչել։
Եթե կրոնական տարբերությունը մի կողմ թողնենք, այնքան նմանություններ ունենք։ Հայերն էլ են գուշակությունների, թուղթուգրի հավատում։ ԽՍՀՄ-ի ծածկույթի տակից Անատոլիայի մարդն է դուրս գալիս։ Հայաստանում բնակվող շատերի նախահայրերը Ցեղասպանության ենթարկվածներն են, բայց հայերն իրենց զայրույթն այժմյան թուրքերի վրա չեն տարածում։ Սակայն Հրանտի սպանությունը և Սամաթիայում հայերի դեմ հարձակումները մարդկանց մեջ իրավացիորեն թուրք պետության հանդեպ կասկած է առաջացնում։
Զգացմունքներս. ամոթ և հույս
Հայաստանում գտնվելուս 3 տարիների ընթացքում ինձ թվում էր, թե Անատոլիայի արևմուտքում եմ, բայց երբ Կարս եմ գնում՝ ինձ Հայաստանի արևելքում եմ զգում։ Հայաստանը շատ կողմերով նման է Թուրքիային։ Ձեր տեսածը ձեզ ամոթով և ցավով կամ հույսով ու երազանքով կլցնի։ Այնքան բան կա, որ կարող ենք անել միասին։ Հայաստան գնացող մարդու մտքում, շուրթերին և սրտում միայն մեկ բառ կա՝ երանի...
Մասիս. ապացույցներից ամենագեղեցիկը
Երևանը Երևան դարձնողն ամպերի և մշուշի արանքից երևացող Աղրը դաղն է, կամ, ինչպես հայերը կասեն՝ Մասիսը։ Ձմռան արևոտ օրն այնքան պարզ է երևում, որ թվում է՝ եթե ձեռքդ երկարես, կդիպչես նրան։ Այն հայերի սուրբ խորհրդանիշերից է՝ կարոտ, ինքնություն, ցավ, ցեղասպանություն, սեր, ուժ, հույս, ամենը մեկում։ Լեռը ֆիզիկապես Թուրքիայում է, սակայն Երևանից նայելիս կարծես Հայաստանում լինի։ Սա ամենաապշեցուցիչ ապացույցն է այն բանի, թե որքան անիմաստ են սահմանները...