Վարդագույն քաղցր բամբակ ու քեռիիս մուգ սև մորուքը: Արցախյան շարժումը երկու տարեկան հասակիցս մնացած մի քանի հիշողություններից մեկն է: Էդ տարիքից շատ բան չեմ հիշում: Մեր տունը փողոցին մոտ էր: Գյուղում միայն մի ավտոբուս կար, որ մեր գյուղից քեռիենց գյուղ էր գնում: Տարիներ հետո, երբ այդ դեղին ավտոբուսը կանգնում էր տան մոտ, ինձ թվում էր, որ քեռիս կիջնի' զինվորի շորերով: Հեռվից կտեսնեմ նրա մուգ սև մորուքն ու ձեռքի վարդագույն քաղցր բամբակը: Բայց պատերազմն ավարտվել էր, քեռիս էլ, որ այն ժամանակ կամավոր կռվում էր, արդեն երկու տարի է, ինչ վերցրել էր ընտանինքն ու տեղափոխվել Ռուսաստան: Երբ մեծացա, միշտ նույն բանն էի հարցնում ինքս ինձ' ինչու՞ քեռիս, որ էդքան սիրում էր Հայստանը, որ անգամ մի թիզ հող չէր զիջի թշնամուն, գնաց երկրից… Էդ հարցի պատասխանը հիմա եմ հասկանում' ընտանիքը սոված թողնել չէր կարող:
Այսօր Ղարաբաղում կռված շատ տղաների ընտանիքներ ապրում են ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում: Երկու տարի առաջ ծանոթացա Արծրուն Միքայելյանի կնոջ և դստեր հետ: Արծրունը զոհվել է պատերազմում: Ընտանիքն այսօր անգամ տուն չունի: Սենյակը, որ հեռուստացուցի տուփի չափ փոքր էր, Արծրունի կնոջ քրոջն էր: Ապրում էին, մինչև մի հնար լինի: Արծրունի դուստրը առողջական լուրջ խնդիրներ ուներ…
Երեկ կարդում էի տարբեր պաշտոնյաների հայտարարութունները Ղարաբաղյան շարժման 25-րդ տարելիցի մասին: Սովորական ճառեր… իսկ իրականում այդ Շարժման ու դրանից հետո էլ պատերազմում հաղթած, Արցախն ազատագրած տղաների նկատմամբ պետության ուշադրությունը, մեղմ ասած, քիչ է: Այդ շարժումն էլ, պատերազմն էլ ու մյուս բոլոր իրադարձությունները մարդիկ են… պետք չէ մոռանալ նրանց…