Արցախում սեզոնային գրիպի A տիպի H1N1 ենթատեսակի առկայությունը պարզելու նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա հետազոտման ուղարկված, հոսպիտալացված 10 հիվանդներից վերցված փորձանմուշներից 3-ի արդյունքները դրական են եղել, այսինքն հաստատվել է հիվանդության առկայությունը։
Այս մասին տեղեկացրել է ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ, համաճարակաբան Կարինե Բալայանը՝ հավելելով, որ սեզոնային գրիպի A տիպի H1N1 ենթատեսակի առկայությունը հաստատվել է 0-18 տարեկան 3 երեխայի մոտ, ովքեր երկու օր առաջ արդեն առողջացած դուրս են գրվել «Արևիկ» մանկական բուժմիավորումից։
Կ. Բալայանի խոսքով, բուժկանխարգելիչ հիմնարկներն ապահովված են անհրաժեշտ քանակի դեղամիջոցներով, միանգամյա օգտագործման դեղորայքով, ձեռնոցներով, դիմակներով, ախտահանիչ նյութերով և լուծույթներով: Բացի այդ, համապատասխան բուժաշխատողներն այս շաբաթվանից սկսել են բակային շրջայցեր իրականացնել՝ վերին շնչուղիների սուր վարակների ծանր դեպքերը ժամանակին բացահայտելու և համապատասխան բուժում նշանակելու նպատակով։
Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը ԼՂՀ ԱՆ համաճարակաբանը նշեց, որ հիվանդության ախտանշաններն են գլխացավ, մկանացավ, ջերմություն՝ մինչև 38°, հազ, թուլություն, հարբուխ կամ քթի խցանում, հեղձուկ, երբեմն քթից արյունահոսություն: ԼՂՀ ԱՆ համաճարակաբանը խորհուրդ է տալիս սուր շնչառական վարակներից և դրանց հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության և ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել: