Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միայն մի խոսքը, թե նախագահների հանդիպումը ձևական էր, շատ հստակ ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունը տրամադրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը:

 

«Դա արդեն բավարար է հասկանալու այն մոտեցումը, որ ունի Ադրբեջանի ղեկավարությունը և ԵԱՀԿ համանախագահների, և հակամարտության կարգավորման սկզբունքների նկատմամբ: Միանշանակ, սա է պատճառը, որ տարիների ընթացքում հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով՝ որպեսզի բանակցային գործընթացում առաջընթաց լինի, հարկավոր է ոչ այնքան գործընթացի ակտիվացում, որքան կողմերի մոտեցումներում առաջընթաց. «Իհարկե միջնորդները, համանախագահները ձգտում են, որ հնարավորինս հաճախ լինեն հանդիպումներ, բայց եթե այդ հանդիպումները գնում են նույն ոճով, ինչպիսին եղավ Բեռնում (2015թ. դեկտեմբերի 19-ին- հեղ.) և որը Ադրբեջանի նախագահը բնութագրեց որպես ձևական, ուրեմն առաջընթաց չի կարող լինել: Սա է խնդիրը, որն իր հերթին պարտադրում է նույն միջնորդներին, միջազգային հանրությանը ևս մեկ անգամ վերլուծել և անդրադառնալ այս ամեն ինչին, քանի որ այսպես շարունակելը որևէ դրական արդյունքի չի կարող բերել: Իսկ դա նշանակում է որոշակի մոտեցումների փոփոխություն»:

 

Շավարշ Քոչարյանի խոսքով՝ դրա ազդանշաններից տեսել են հենց նույն Բեռնում, երբ կողմերից մեկը՝ Ադրբեջանը, բանակցությունների քողի տակ շարունակում էր իր դեստրուկտիվ ուժային քաղաքականությունը, իսկ համանախագահների առաջարկություններին, մասնավորապես հետաքննության մեխանիզմների կիրառմանը, այդ թվում' համապատասխան սարքավորումների ներդրմանը, Ադրբեջանը դեմ է: «Բնական է, որ Ադրբեջանը դրան դեմ է գնում, բայց սա ցույց է տալիս, որ միջնորդներն արդեն անհանգստացած են և փորձում են նոր ուղիներ փնտրել»,- ասաց փոխնախարարը: Ըստ Շավարշ Քոչարյանի, եթե այս ուղղությամբ էլ համանախագահները հաջողության չհասնեն, ապա ուշ թե շուտ, պետք է հասունանա մեկ այլ մոտեցում՝ կամ Ադրբեջանին պարտադրանք, կամ էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթաց: