Նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին: Որքանո՞վ արդյունավետ օգտագործեցին քարոզչության համար նախատեսված օրերը ՀՀ նախագահի թեկնածուները և ինչպիսի՞ արդյունք արձանագրեցին: Կա՞ արդյոք վարկանիշի փոփոխություն: Galatv.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
-Պարոն Համբարյան, քարոզարշավի ավարտին մնում է երեք օր, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ նախագահի թեկնածուների հնարավորություններն այսօր, ո՞ր թեկնածուների մոտ եք նկատում վարկանիշի փոփոխություն:
-Գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն այնքան էլ մեծ ձեռքբերում չունեցավ նախընտրական քարոզարշավի ընթացքում: Առաջինը՝ իր փառաբանած ապահով Հայաստանում Պարույր Հայրիկյանի «մահափորձ»-ն էր (ուզում եմ, որ չակերտներում գրեք այդ մահափորձը), ինչն էլ ուղղակի հարված էր «Ապահով Հայաստան» կարգախոսին: Երկրորդ՝ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը: Բոլոր երկրներում, ուր համապետական ընտրություններ են, գործող իշխանությունը փորձում է ժողովրդի աչքին բարձրանալ, բարձրացնել իր վարկանիշը' թոշակներ կամ նպաստներ բարձրացնելով, ինչը չարվեց, և այդ մասին խոստումներ էլ առանձնապես չլսեցինք:
Եվ ի վերջո այն մի քանի արտահայտությունները, որոնք թույլ տվեց Սերժ Սարգսյանը... Ես չնայած կարծում եմ, որ նա դիտմամբ չէր անում, այլ հակառակը՝ կատակներ արեց, որոնք հակառակ իմաստով ընկալումներ ունեցան:
-Մյուս թեկնածուների մասին ի՞նչ կարծիք ունեք, ո՞ր թեկնածուները արդյունավետ քարոզարշավ վարեցին:
-Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա քարոզարշավն ամենահաջողվածն էր: Նրա վարկանիշը կտրուկ բարձրացել է հատկապես Գյումրիում: Նախ՝ կիրառած քարոզարշավի մեթոդների պատճառով: Նա ամերիկյան ոճը նախընտրեց և խոստումներ տվեց: Շատերը համարեցին, որ պոպուլիստական է նրա քարոզարշավը, բայց ամեն դեպքում՝ նա խոստացավ բարձրացնել աշխատավարձեր, թոշակներ, վերացնել մենաշնորհը, ինչը սոցիալապես անապահով մարզերում հատկապես լավ ընդունվեց:
ՀՀ թեկնածու Հրանտ Բագրատյանի վարկանիշը ևս աճել է. սոցիալ-տնտեսական վերլուծություններով նա աշխատեց և լավ աշխատեց հատկապես համացանցում:
Քրիստինա Մկրտչյան